Սաղմոս 141 [140] - Աղոթքս խունկ է Քո առաջ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 141 [140] - Աղոթքս խունկ է Քո առաջ

Ամբարտավանության ու անբարոյականության աշխարհը ճնշում է բանեցնում և հրապուրում է ու գայթակղեցնում: Հավատացյալը երկնչում է նրա որոգայթներից: Ինչպե՞ս դիմանալ: Աստծո ծառաները աղոթքի մեջ են փնտրում և գտնում իրենց հարկավոր ուժն ու պաշտպանությունը. «Մի՛ տար մեզ փորձության» (Մտթ 6, 13): «Հսկեցեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք». սա է Հիսուսի հորդորն Իր աշակերտներին (Մտթ 26, 41):
 

 
Կցորդ.  
Աստծո արդարությունը նեղելու է նրանց, ովքեր նեղում են ձեզ.
ձեզ, որ նեղության մեջ եք, բերելու է մխիթարություն (հմմտ. 2Թղ 1, 6-7):
կամ.   Հայր մեր, մի՛ տար մեզ փորձության, այլ՝ փրկիր մեզ չարից (հմմտ. Մտթ 6, 13):
կամ.  
Բուրումնավետ ծուխը, սրբերի աղոթքների հետ միասին,
հրեշտակի ձեռքով բարձրացավ Աստծո առաջ (Հյտ 8, 4):

 


 
1Սաղմոս: Դավթի:
 
Տեր, կանչում եմ Քեզ, շտապիր դեպի ինձ,
ունկն դիր ձայնիս, երբ Քեզ եմ աղաղակում.
2աղոթքս խունկի նման թող բարձրանա Քո առաջ,
երեկոյան զոհի մատուցման նման թող բարձրանան իմ ձեռքերը:
 
3Մի պահապան դիր իմ բերանին, Տեր,
հսկիր շրթունքներիս դուռը.
4մի՛ թող, որ սիրտս կքվի դեպի չարը,
մեղսակից դառնա չարերի գործին:
 
Չեմ ուզում ճաշակել նրանց դյութանքները,
5արդարը թող բարությամբ հանդիմանի ինձ և ուղղի.
թող իմ գլխին չմերժի այս թանկարժեք յուղը,
չարի դիմաց՝ չի դադարելու իմ աղոթքը:
 
6Նրանց խոսքերը թող փշրվեն ժայռի վրա,
որովհետև ուրախանում էին, երբ լսում էին իմ հեծեծանքը.
7«Մեր ոսկորները նման են վարած ու կտոր կտոր եղած հողի,
ցիրուցան են եղել մինչև դժոխքի շեմը»:
 
8Տեր Աստված, դեպի Քեզ են ուղղված իմ աչքերը,
Դու ես իմ ապավենը, խնայիր իմ կյանքը.
9պաշտպանիր ինձ թակարդից, որ լարել են իմ առաջ,
նենգություններից նրանց, ովքեր խորհում են չարիք.
10իրենց իսկ լարած թակարդի մեջ թող բռնվեն ամբարիշտները,
իսկ ես անվնաս կանցնեմ դրանց միջով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։