Սաղմոս 117 [116] - Մեր վրա գերառատ հեղվում է Իր սերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 117 [116] - Մեր վրա գերառատ հեղվում է Իր սերը

Այս սաղմոսը, որն ամբողջ Սաղմոսարանի ամենակարճ տաղն է, բոլոր ժողովուրդներին կոչ է անում գովաբանելու Տիրոջը: Իսկ այդ գովքի պատճառները մեզ միմիայն բերկրանք կարող են պատճառել. Աստված սիրում է մեզ և Իր հավատարմությունը երբեք չի սպառվում:
«Սեր և ճշմարտություն», այսինքն՝«ողորմություն և հավատարմություն». սրանք խոսքեր են, որոնք շարունակ կրկնվում են Սաղմոսարանում, քանի որ այդպես է, որ Աստվածաշնչում ճանաչվում է Աստված: Այս փոքրիկ սաղմոսը մարգարեական ոգիով կանխավ ավետում է Աստծո տիեզերական փառաբանությունը: Աստծո ողորմությունը հրեա ժողովրդից տարածվելու է, Հիսուս Քրիստոսի միջոցով, բոլոր մարդկանց վրա: Աստծուն ուղղված օրհնությունները միաձայն բարձրանալու են բոլոր ժողովուրդների կողմից (Հռմ 15, 11):
Երբ մեր աղոթքներում գործածենք այս օրհներգը, պետք է միշտ հիշենք, որ խոսքերը բավական չեն մարդկանց համոզելու համար: Հիսուսը պահանջում է, որ մեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն մեր բարի գործերը և փառավորեն Հորը, որ երկնքում է (Մտթ 5, 16):
 

 
Կցորդ.   Հեթանոսները փառավորում են Աստծուն Իր ողորմության համար (հմմտ. Հռմ 15, 9):
կամ.  
Հեթանոսները Ավետարանի միջոցով կանչված են
մասնակցելու խոստմանը ի Հիսուս Քրիստոս (հմմտ. Եփս 3, 6):

 


 
1Գովեցեք Տիրոջը, բոլոր ազգեր,
բոլոր ժողովուրդներ, երգեցեք Նրա գովքը:
 
2Մեր վրա գերառատ հեղվում է Իր սերը,
Տիրոջ հավատարմությունը հավիտենական է:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։