Սաղմոս 89.2 - Ո՞ւր են, Տեր, մի ժամանակվա շնորհներդ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 89.2 - Ո՞ւր են, Տեր, մի ժամանակվա շնորհներդ

Կցորդ.  
Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին.
հրեաների համար գայթակղություն, հեթանոսների համար հիմարություն (1Կր 1, 23):
կամ.  
Աստված կատարեց այն, ինչ նախապես ավետել էր.
Իր Քրիստոսը պետք է չարչարվեր (հմմտ. Գրծ 3, 18):
կամ.  
Գրված է. Քրիստոսը պետք է չարչարվի
և երրորդ օրը հարություն առնի մեռելներից (Ղկս 24, 46):

 


 
39Ո՜վ Աստված, Դու մերժեցիր Քո Մեսիային,
արհամարհեցիր նրան, բարկանալով նրա դեմ.
40լուծարեցիր ծառայիդ հետ կնքված դաշինքը,
ցեխի մեջ պղծեցիր նրա թագը:
 
41Կործանեցիր նրա բոլոր պարիսպները,
ավերակ դարձրեցիր նրա ամրոցները.
42այն կողոպտեցին ճանապարհի բոլոր անցորդները,
ծաղրանք է դարձել դրացիների համար:
 
43Բարձրացրեցիր նրա հակառակորդների աջը,
ուրախացրեցիր նրա բոլոր թշնամիներին.
44բթացրեցիր նրա սրի բերանը,
նեցուկ չեղար նրան պատերազմում:
 
45Վախճան դրեցիր նրա փառքին,
շրջեցիր, գետին նետեցիր նրա գահը.
46ընդհատեցիր նրա երիտասարդության օրերը,
անարգություն հեղեցիր վրան:
 
47Մինչև ե՞րբ ես թաքնվելու, Տեր,
ընդմիշտ բոցավառվելո՞ւ է զայրույթդ.
48հիշիր, թե որքան կարճ է իմ կյանքը,
որքան դյուրաբեկ ես ստեղծել յուրաքանչյուր մարդու.
49ո՞վ կարող է ապրել և մահ չտեսնել,
ո՞վ կարող է խուսափել դժոխքի ձեռքից:
 
50Ո՞ւր է, Տեր, Քո նախկին սերը,
որ հավատարմությամբ երդվեցիր Դավթին.
51հիշիր, Տեր, ծառաներիդ կրած նախատինքը,
ժողովուրդների մի բազմություն եմ կրում ծոցումս.
52թշնամիներդ հայհոյում են, Տեր,
հայհոյում են Մեսիայիդ քայլերը:
 
53Հավիտյան օրհնյալ է Տերը:
Ամեն: Ամեն:
 

 
Վերջ Սաղմոսների Երրորդ Գրքի
 
Տարբեր բնույթ ունեցող սաղմոսների, որոնցից շատերն առանց վերնագրի են և առանց հեղինակային տեղեկությունների, Սաղմոսարանի այս չորրորդ մասում ավելանում է իր ուրույն նկարագիրն ունեցող մի խումբ. Աստծո Արքայության սաղմոսները (93, 96-99): Սաղմոսարանի չորրորդ գրքում տիրում է գովքը. փառաբանվում է Արարիչը, որ ստեղծում է աշխարհը, և Տերը, որ պատմությանը մասնակցում է Իր միջամտություններով: Արտահայտվում է Աստծո սպասումը, որ գալիս է վերանորոգելու ամեն բան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։