Սաղմոս 14 [13] - Աստված արդարների հետ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 14 [13] - Աստված արդարների հետ է

Այս սաղմոսում խոսքը բառացիորեն չի վերաբերվում անհավատությանը: Անաստված աշխարհը, որն այստեղ նկարագրվում է, այն է, ուր արդարությունը ծաղրվում է, իրավունքը՝ խոտորվում: Նման աշխարհն արդեն իսկ դրոշմված է դատապարտության կնիքով, որովհետև նրանում մարդը շահագործվում է, իսկ աղքատը՝ ճնշվում: Պողոս Առաքյալը, յուրովի ներկայացնելով այս սաղմոսի միտքը, նրանում տեսնում է մեր մեղսագործ վիճակի նկարագրությունը. Աստծո առաջ ոչ ոք արդար չէ, մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի կողմից փրկվելու կարիքն ունենք (Հռմ 3, 10-19.23-25):
 

 

Կցորդ.   Երբ մարդու Որդին գա, հավատք կգտնի՞ երկրի վրա (Ղկս 11, 25-26):
կամ.  
Բոլորն էլ զուրկ են Աստծո փառքից,
բայց արդարացած են Նրա շնորհով (հմմտ. Հռմ 3, 23-24):
կամ.   Ուր առատացավ մեղքը, գերառատացավ շնորհը (Հռմ 5, 20):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի:
 
Անմիտն իր սրտում ասում է.
«Աստված գոյություն չունի»:
Այլասերված են և պղծություն են գործում,
չկա բարիք անող մեկը:
 
2Տերը երկնքից նայում է մարդկանց,
տեսնելու համար, թե կա՞ արդյոք իմաստուն մեկը,
մեկը, որ փնտրի Աստծուն:
 
3Բոլորն էլ խոտորվել են,
ապականության մեջ համախմբված.
չկա մեկը, որ բարիք գործի,
և ոչ իսկ մեկը:
 
4Չարագործները խիղճ չունե՞ն,
որ լափում են իմ ժողովուրդը.
սա է հացը, որ ուտում են,
չհավատալով Տիրոջը:
 
5Բայց ահա, սարսափով են պատվելու,
որովհետև Աստված հավատացյալների հետ է.
6ծաղրեցիք աղքատի հույսը,
բայց Տերը նրա ապավենն է:
 
7Ո՞վ Իսրայելին կտա փրկությունը,
որ գալիս է Սիոնից.
երբ կվերադառնա Տերը,
կվերադառնա Իր ժողովուրդը.
հայնժամ ուրախությունից կպարի Հակոբը
և կցնծա Իսրայելը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։