Սաղմոս 77.1 - Հիշում եմ վաղեմի տարիները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 77.1 - Հիշում եմ վաղեմի տարիները

Կցորդ.  
Հաստատուն պահենք մեր հույսի դավանությունը,
որովհետև հավատարիմ է Նա, ով խոստացել է (Եբր 10, 23):
կամ.  
Եթե մենք անհավատարիմ գտնվենք, Հիսուս Քրիստոսը մնում է հավատարիմ,
որովհետև չի կարող հակասել Ինքն Իրեն (հմմտ. 2Տմ 2, 13):
կամ.  
Ո՜վ Աստծո գիտության խորություն.
քանի՜ցս անհասանելի են քո ճանապարհները (հմմտ. Հռմ 11, 33):

 


 
2Աստծուն է ուղղված իմ աղաղակը. «Ես կանչում եմ»,
Աստծուն է ուղղված իմ աղաղակը. «Լսիր ինձ».
3չարիքի օրը ես հարցնում եմ Տիրոջը,
գիշերն, առանց հոգնելու, դեպի Ինքն եմ պարզում իմ ձեռքերը,
հոգիս մերժում է մխիթարությունը:
 
4Հիշում եմ Աստծուն և արտասվում եմ,
խորհրդածում եմ և հոգիս նվաղում է.
5Դու աչքերիցս հեռացնում ես քունը,
խռովված եմ և անընդունակ եմ խոսելու:
 
6Ես մտածում եմ երբեմնի օրերի մասին,
հիշում եմ վաղեմի տարիները.
7նույն միտքը ինձ վերադառնում է գիշերով,
սիրտս խորհրդածում է, իսկ հոգիս՝ հարցնում.
 
8Տերը մերժում է ընդմի՞շտ,
մի՞թե դադարել է ցույց տալ Իր շնորհը.
9Իր սերն ընդմիշտ սպառվե՞լ է,
խափանվե՞լ է Իր խոստումը ապագայի համար:
 
10Աստված մոռանո՞ւմ է ողորմություն անել,
Իր բարկության մեջ արգելափակո՞ւմ է Իր սիրտը:
11Ես ասում եմ. «Սա՛ է իմ տվայտանքը,
Բարձրյալի աջը փոխվել է»:
 
12Հիշում եմ Տիրոջ հրաշագործությունները,
մտաբերում եմ մի ժամանակվա սքանչելիքներդ.
13կրկին խորհրդածում եմ Քո բոլոր արարքների մասին,
մտովին կրկին քննում եմ միջամտություններդ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։