Սաղմոս 114 [113, 1-8] - Ցնծա՛, երկիր, Տիրոջ առաջ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 114 [113, 1-8] - Ցնծա՛, երկիր, Տիրոջ առաջ

Իսրայելն իրեն զգում է Աստծուն այնքան սերտորեն միացած, որ զգում է իրեն որպես Աստծո տաճարը և Նրա տիրույթը (2): Հաղթական ու դյուցազներգական ձայներանգով ժողովուրդն ընդգծում է այն անհամեմատելի ժամանակները, երբ Աստված սահմանեց իր ապագան. դա իր ազատագրման պատմությունն է: Երբ Տերն անցնում է Իր ժողովրդի հետ, ծովն ու գետը ետ են քաշվում (Ել 14, 15-31; Հս 3, 7-17), Սինայի լեռը փայլատակում է ու ծխում (Ել 19, 16-18), ժայռից ջուր է բխում անապատում (Ել 17, 1-7; Թց 20, 1-13). ելքի այս հիշողությունները կարծես նախերգանքն են այն տիեզերական տակնուվրայության, որով ավետվելու է Աստծո գալուստը երկրային ժամանակների վերջում:
Իսրայելի նման, Եկեղեցին նույնպես անդադար խորհրդածում է իր սկզբնավորման ու ծննդի առանձնաշնորհյալ ժամի շուրջ և ընդգծում ու պանծացնում է այն. դա Քրիստոսի Զատիկն է, որը մարդկության առաջ բացեց փրկության ճանապարհը:
 

 
Կցորդ.  
Մեր հայրերը խմում էին մի ժայռից,
և այդ ժայռը Քրիստոսն Ինքն էր (հմմտ. 1Կր 10, 4):
կամ.  
Դուք, որ մի ժամանակ ոչ-ժողովուրդ էիք,
այժմ, մինչդեռ, Աստծո ժողովուրդն եք (1Պտ 2, 10):
կամ.  
Մեր հայրենիքը երկնքում է.
այնտեղից ենք որպես փրկիչ սպասում Հիսուս Քրիստոսին (հմմտ. Փլպ 3, 20):
կամ.  
Այստեղ ներքևում մնայուն քաղաք չունենք,
այլ՝ փնտրում ենք ապագա քաղաքը (Եբր 13, 14):

 


 
1Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից,
Հակոբը՝ օտար ժողովրդից.
2Հուդան դարձավ Նրա Սրբության բնակավայրը,
Իսրայելը՝ Նրա իշխանությունը:
 
3Սա տեսնելով, ծովը քաշվեց,
Հորդանանը ետ ետ դարձավ.
4լեռները ցատկոտեցին խոյերի նման,
բլուրները՝ հոտի գառնուկների պես:
 
5Ի՞նչ պատահեց քեզ, ծով, որ փախչում ես,
Հորդանան, որ ետ ես դառնում.
6լեռներ, որ ցատկոտում եք խոյերի նման,
բլուրներ, հոտի գառնուկների պես:
 
7Ցնծա, երկիր, Տիրոջ առաջ,
Հակոբի Աստծո երեսի դիմաց.
8Նրա, ով ժայռը ակունքի է փոխում,
ջրի աղբյուրի է փոխում քարը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։