Սաղմոս 31 [30] - Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 31 [30] - Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին

Իր մտերիմներից լքված և մահվան վտանգին մատնված, սաղմոսերգուն դիմում է Տիրոջը, Նրան է ներկայացնում իր վիշտը և Նրանից օգնություն է խնդրում: Վստահ, որ Տերը լսել է իրեն, օրհնում է Աստծուն և հրապարակավ հռչակում է ստացած պարգևները: Երախտագիտության մատուցումը սաղմոսերգուին առիթ է ընծայում երգելու երջանկությունը նրանց, ովքեր ապավինում են Տիրոջը. Աստված նրանց ընդունում է Իր մոտ և պաշտպանում է նրանց, մինչ գարշում է բոլոր նրանցից, ովքեր կեղծ կուռքեր են պաշտում:
Հիսուսը խաչի վրա աղոթեց գործածելով այս սաղմոսի խոսքերը. «Հայր, Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղկս 23, 46): Եվ ուրիշ որևիցէ մեկից ավելի Նա կարող է ասել. «Դու ինձ փրկում ես, Տեր, հավատարիմ Աստված»: Նա Իր իսկ օրինակով հրավիրում է մեզ հուսալու Տիրոջը, ուժեղ լինելու և չվհատվելու: Այս սաղմոսի խոսքերը հատկապես հարմար են Ավագ Ուրբաթ օրը աղոթելու համար, Հիսուսի Չարչարանքների ավետարանական հատվածի ընթերցումից առաջ:
 

 
Կցորդ.  
Ով տառապում է Աստծո կամքի համաձայն,
թող իր կյանքը վստահի հավատարիմ Արարչին (հմմտ. 1Պտ 4, 19):
կամ.  
Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին
և այս գործը նրանց համար մեղք մի՛ համարիր (հմմտ. Գրծ 7, 59-60):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Քեզ եմ, Տեր, ապավինում,
հավիտյան ամոթով չմնամ.
արդարությամբդ ազատիր ինձ,
3լսիր և շտապիր ինձ օգնության:
 
Իմ համար ապահով վեմ եղիր,
ամուր մի վայր, որ փրկում է ինձ.
4իմ անառիկ ամրոցը Դու ես,
Անվամբդ կողմնորոշիր ինձ ու առաջնորդիր:
 
5Դուրս հանիր ինձ վրաս նետված ցանցից,
քանի որ Դու ես իմ պատսպարանը.
6Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին,
Դու ինձ փրկում ես, Տեր, հավատարմության Աստված:
 
7Ես զազրում եմ կուռքերի ոչնչությունը պաշտողներից,
և ընդհակառակն՝ հավատում եմ Տիրոջը.
8ցնծալու և ուրախանալու եմ սիրույդ մեջ:
 
Դու, որ տեսնում ես իմ խոնարհեցումը
և գիտես կյանքիս նեղությունները.
9չես հանձնի ինձ թշնամուս ձեռքը,
բաց ու ընդարձակ վայրերում կառաջնորդես քայլերս:
 
***
 
10Ողորմիր ինձ, ո՜վ Տեր,
նեղության մեջ եմ ես.
վիշտը սպառում է աչքերս,
կոկորդս ու աղիքներս:
 
11Կյանքս հանգչում է տրտմության մեջ,
տարիներս՝ տառապանքի մեջ.
պատժից տկարանում է իմ ուժը
և մաշվում են իմ ոսկորները:
 
12Բոլոր հակառակորդներիս ծաղրի առարկան եմ,
մինչև իսկ՝ ինձ մոտիկների.
սարսափ եմ ազդում իմ ծանոթներին,
ով տեսնում է ինձ՝ ինձնից խուսափում է.
13ինչպես մի մեռյալ, սրտից մոռացված,
դարձել եմ թափվելիք ավելցուկ:
 
14Ես լսում եմ ամբոխի զրպարտությունները,
ահ ու դող չորսբոլորս.
խորհուրդ են անում իմ դեմ,
համաձայնվում են սպանել ինձ:
 
15Բայց ես վստահում եմ Քեզ, Տեր,
ասում եմ Քեզ. «Աստված իմ».
16իմ օրերը Քո ձեռքում են,
թշնամիներից ու հալածիչներից ազատիր ինձ:
 
17Ծառայիդ հայտնիր Քո երեսը,
փրկիր ինձ սիրույդ համաձայն.
18Տեր, թող ես ամոթով չմնամ,
քանի որ դեպի Քեզ աղաղակեցի:
 
Ամոթով թող մնան չարագործները,
դժոխքի լռության մեջ.
19թող համր մնան շրթունքները,
որ բարկությամբ, արհամարհանքով ու հպարտությամբ
զրպարտում են արդարին:
 
***
 
20Որքա՜ն մեծ է սերդ,
այն վերապահում ես Քեզնից երկնչողներին,
այն բոլորի առաջ բաշխում ես
Քեզ ապավինողներին:
 
21Թաքցնում ես նրանց դեմքիդ ծածկույթի ներքո,
մարդկանց խարդախություններից հեռու.
պատսպարում ես նրանց վրանիդ ներսում,
լեզուների վիճաբանություններից հեռու:
 
22Օրհնյալ թող լինի Տերը.
Նրա սերն իմ համար հրաշքներ է գործում,
նաև երբ քաղաքը պաշարված է:
 
23Սարսափահար, ասում էի.
«Բացառված եմ Քո ներկայությունից».
Դու, սակայն, լսեցիր իմ աղաչանքը,
դեպի Քեզ ուղղված աղաղակիս ձայնը:
 
24Սիրեցեք Տիրոջը, դուք՝ հավատացյալներ,
Տերը պաշտպանում է Իրեն վստահողներին.
բայց Նա առատ չափով հատուցում է
նրանց, ովքեր հպարտությամբ են գործում.
25զորեղ եղեք, ամրապնդեցեք ձեր սրտերը,
դուք բոլորդ, որ հուսացել եք Տիրոջը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։