Սաղմոս 28 [27] - Մի՛ լռիր իմ հետ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 28 [27] - Մի՛ լռիր իմ հետ

Սաղմոսերգուն դիմում է Աստծուն և նզովում է իրեն հալածողներին: Թվում է, թե հասել է ուժերի սպառման նվազագույն կետին: Տերը, որ սկզբում մի պահ լռում է, ի վերջո լսում է Իր ծառային: Սրտնեղությունից հետո, ահա, բխում է երախտագիտությունը: Այս սաղմոսի եզրափակիչ տողերն այն դարձնում են աղոթք Եկեղեցու համար, որը նվիրված է Աստծո ծառայությանը, այն աստիճան, որ գործածվում են Սուրբ Պատարագի արարողակարգի եզրափակիչ աղոթքներում:
 

 
Կցորդ.  
Մարդու Որդին շուտով գալու է փառքով
և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի (հմմտ. Մտթ 16, 27):
կամ.  
Ես գալիս եմ շուտով, բերելով իմ վարձատրությունը,
հատուցելու համար յուրաքանչյուրին ըստ իր գործերի (հմմտ. Հյտ 22, 12):

 


 
1Դավթի:
 
Դեպի Քեզ եմ աղաղակում, Տեր, վեմ իմ,
մի՛ լռիր իմ հետ.
որովհետև եթե Դու լուռ մնաս,
փոսի մեջ կիջնեմ ես:
 
2Լսիր իմ աղաչանքի ձայնը,
երբ կանչում եմ Քեզ,
երբ ձեռքերս բարձրացնում եմ
դեպի Սրբերի Սուրբը:
 
3Դուրս մի՛ նետիր ինձ ամբարիշտների հետ,
չարագործների հետ միասին.
նրանք ասում են «խաղաղություն» իրենց մերձավորին,
բայց չարությամբ իրենց սրտերից ներս:
4Հատուցիր նրանց ըստ իրենց գործերի,
իրենց չարասիրտ վարքի համաձայն.
հատուցիր նրանց ըստ իրենց ձեռքերի գործի,
տուր նրանց վարձը:
 
5Չեն հասկանում Տիրոջ միջամտությունները,
գործերը Նրա ձեռքերի.
բայց Նա կործանելու է նրանց մինչև երկիր,
նրանց այլևս երբեք ոտքի չի կանգնեցնելու:
 
***
 
6Թող օրհնյալ լինի Տերը,
լսեց իմ աղաչանքի ձայնը.
7Տերը իմ ուժն է ու իմ պաշտպանությունը,
սիրտս Նրան է վստահում.
օգնեց ինձ, ցնծում է սիրտս,
և ես երգովս շնորհակալություն եմ Նրան հայտնում:
 
8Տերը Իր ժողովրդի զորությունն է,
փրկության ապաստան՝ Իր Մեսիայի համար.
9փրկիր Քո ժողովուրդը, օրհնիր Քո ժառանգությունը,
հովվիր և թիկունք կանգնիր նրան հավիտյան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։