Սաղմոս 66 [65] - Եկեք և տեսեք Աստծո հրաշքները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 66 [65] - Եկեք և տեսեք Աստծո հրաշքները

Իսրայելն իր ծիսակատարություններում միշտ վերհիշում է անցյալի փառահեղ էջերը. Եգիպտոսից ելքն ու Հորդանանից անցնելը (6): Անցյալի իրադարձությունները մի ցուցանակ են, որն ապահովում է Աստծո ներկայությունն այսօր: Նա միշտ հայտնվում է որպես Իր ժողովրդի փրկիչը. Նա ազատում է Իր ժողովրդին թշնամիների հարձակումներով ստեղծված եղերական վիճակից, կամ թերևս խոսքը վերաբերվում է աքսորի մեծ փորձությանը (9-12): Սաղմոսի առաջին մասում տիրում է տիեզերականության ոգին. ամբողջ մարդկությունը հրավիրվում է գովաբանությամբ հռչակելու Աստծո փրկչական միջամտությունները:
Այս սաղմոսին, 13րդ տողից անդին, հետագայում ավելացվել է անձնական երախտագիտության մի աղոթք: Մի մարդ, որն ազատվել է մի մեծ փորձանքից, ընծաների մատուցմամբ երախտագիտություն է հայտնում և դա հռչակում է իր եղբայրների առաջ:
 

 
Կցորդ.  
Մի պահ միայն տևող նեղության թեթևությունը
մեր համար հայթայթում է անչափելի, հավիտենական փառք (հմմտ. 2Կր 4, 17):
կամ.  
Աստված Ինքը, կարճատև տառապանքից հետո,
կհաստատի ձեզ, կդարձնի ձեզ ուժեղ ու անսասան (հմմտ. 1Պտ 5, 10):
կամ.  
Ով երկնչում է Աստծուց և կատարում է Նրա կամքը,
մենք գիտենք, որ Աստված լսում է նրան (հմմտ. Հվհ 9, 31):
կամ.  
Այն ամենը, որ խնդրում եք աղոթքում,
հավատացեք, որ արդեն իսկ ստացել եք (հմմտ. Մրկ 11, 24):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Երգ: Սաղմոս:
 
Աղաղակեցեք առ Աստված, բոլոր երկրներ,
2երգեցեք Նրա Անվան փառքը,
դավանեցեք Նրա փառքը գովասանքներով:
 
3Ասացեք Աստծուն. «Հրաշալի են Քո գործերը,
Քո ուժի ներքո կքվում են թշնամիները.
4ամբողջ երկիրը երկրպագում է Քո առաջ,
երգում է Քեզ, երգում է Քո Անվանը»:
 
5Եկեք և տեսեք Աստծո հրաշքները,
զարմանահրաշ է Իր վարմունքը մարդու նկատմամբ.
6ծովը հաստատուն հողի փոխեց,
ոտքով անցան գետը:
 
Այս իսկ պատճառով, ուրախանանք Նրանում,
7Իր ուժի մեջ Նա տիրում է միշտ.
Նրա աչքերը զննում են հեթանոսներին,
Նրա դեմ գլուխ չեն բարձրացնում ապստամբները:
 
8Ո՜վ ժողովուրդներ, օրհնեցեք մեր Աստծուն,
հնչեցրեք Նրա գովասանքը.
9Նա է, որ վերստին մեզ կյանք է տալիս
և անկումից վերապահում է մեր ոտքերը:
 
10Ո՜վ Աստված, մեզ փորձության ենթարկեցիր,
հնոցից անցկացրեցիր մեզ, ինչպես անցկացնում են արծաթը.
11Դու ես, որ առաջնորդեցիր մեզ գերության
և ծանրություն կախեցիր մեր կողերին:
 
12Կամեցար, որ մարդիկ ձիերի նման
անցնեին մեր գլուխների վրայով.
մտանք կրակի ու ջրի մեջ,
բայց հետո հանեցիր մեզ ազատության:
 
***
 
13Ողջակեզներով մտնելու եմ հարկերիցդ ներս,
պահպանելու եմ Քեզ խոստացված ուխտերը.
14շրթունքներիս արտասանած ուխտերը,
բերանիս արտասանածը տրտմության ժամանակ:
 
15Կատարյալ ողջակեզ կներկայացնեմ Քեզ,
խոյերի բուրմունքի հետ միասին,
կընծայեմ Քեզ հորթեր ու այծեր:
 
16Եկեք, ունկնդրեք, Աստծուն երկրպագողներ,
ձեզ կպատմեմ այն, ինչ արեց իմ համար.
17երբ աղաղակս բարձրացրեցի դեպի Ինքը,
բերանս արդեն երգում էր Նրա գովասանքը:
 
18Եթե կասկածը եղած լիներ իմ սրտում,
Տերը չէր լսի.
19մինչդեռ Աստված լսեց ինձ,
լսեց ու ընդունեց աղոթքի իմ աղաղակը:
 
20Թող օրհնյալ լինի Աստված.
Նա չմերժեց իմ աղոթքը,
Նա Իր սերը չհեռացրեց ինձնից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։