Սաղմոս 121 [120] - Տերը քո պահապանն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 121 [120] - Տերը քո պահապանն է

Պաղեստինի ճանապարհներն անհարթ էին ու անապահով և ճամփորդությունը ենթակա էր վտանգների ու նեղությունների. քարքարոտ ճանապարհներ, ցերեկվա կիզիչ տապ, բացօթյա գիշերումներ: Այս սաղմոսն իր ամբողջության մեջ ներկայացնում է Երուսաղեմ այցելած ուխտավորներից մեկի վերադարձի նախապատրաստությունը, քանի որ նրան սպասվում էր երկար ու բավականին վտանգավոր ուղևորություն: Սաղմոսը սկսվում է ուխտավորի հարցադրումով, որը պատրաստվում է հրաժեշտ տալու Տաճարին: Սաղմոսի մնացած մասն ամենայն հավանականությամբ քահանայի կողմից նրան տրված քաջալերական պատասխանն է. Տերը պաշտպանում է Իր ծառաներից յուրաքանչյուրին:
Որտեղի՞ց կարող է մեզ օգնություն հասնել: Հաճախ այնպիսի տպավորությունն ունենք, որ Աստված կարծես թե քնած է, ինչպես Հիսուսը, երբ Իր աշակերտները վտանգի մեջ էին փոթորկահույզ լճում (Սղմ 44, 24; Ղկս 8, 23): Այդուամենայնիվ, Աստծո լռությունը անտարբերության նշան չէ: Քրիստոնյա Սրբերի հազարամյա պատմությունը մեզ վստահեցնում է, որ Աստված երբեք այնքան մոտիկ չէ մեզ, որքան այն ժամանակ, երբ Նրան շա՜տ հեռու ենք կարծում: Աստված մոտ է Իր զավակներին և արդեն իսկ ներկա է փափաքի մեջ նրա, ով Նրան փնտրում է ու կանչում: Եթե հարատևենք աղոթքի մեջ, Աստծո կամքի համաձայն, շուտով կբացահայտենք Նրա ներկայությունը մեզնում և կճանաչենք Նրան աշխարհի առօրյայում:
Հիսուս Քրիստոսը մարդկանց նկատմամբ ունեցած Աստծո սիրալիր հոգատարության ամենավսեմ ու վերջնական հայտնությունն է: Նա «մեր հոգիների հովիվն է ու պահապանը» (1Պտ 2, 25): Եվ մի օր իրեն շրջապատող հրեաների առաջ հայտարարեց. «Իմ ոչխարներից ոչ մեկը չի կորչելու և ոչ ոք չի կարող խլել նրանց իմ ձեռքից» (Հվհ 10, 28):
 

 
Կցորդ.  
Նման էիք մոլորված ոչխարների,
այժմ վերադարձել եք ձեր կյանքերի պահապանին (հմմտ. 1Պտ 2, 25):
կամ.  
Նրանց չի հարվածի արևը, ո՛չ էլ որևէ տեսակի ծարավ,
որովհետև Գառը լինելու է նրանց հովիվը (հմմտ. Հյտ 7, 16-17):
կամ.   Այո՛, Տերը հավատարիմ է, կհաստատի ձեզ և կպահպանի չարից (2Թղ 3, 3):
կամ.   Սուրբ Հայր, Քո Անվամբ պահպանիր նրանց, որոնց Դու տվեցիր ինձ (Հվհ 17, 11):

 


 
1Աստիճանների երգ:
 
Աչքերս դեպի լեռներն եմ բարձրացնում,
որտեղի՞ց է ինձ օգնություն գալու.
2ինձ օգնություն է գալու Տիրոջից,
Նա է ստեղծել երկինքն ու երկիրը:
 
3«Չի թողնի, որ սասանվի քո ոտքը,
քուն չի մտնում քո պահապանը.
4ո՛չ, չի ննջում և քուն չի մտնում
Իսրայելի պահապանը:
 
5Տերը քո պահապանն է, քո ստվերը,
Տերը կանգնած է քո աջին.
6ցերեկվա ընթացքում չի հարվածի քեզ արևը,
ո՛չ էլ լուսինը գիշերով:
 
7Տերը պահպանելու է քեզ ամեն չարիքից,
պահպանելու է քո կյանքը.
8Տերը պահպանելու է քո մուտքն ու ելքը,
այժմ և հավիտյան»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։