Սաղմոս 102 [101] - Անապատի բվեճին եմ նմանվում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 102 [101] - Անապատի բվեճին եմ նմանվում

Այս սաղմոսում միմյանց միանում են տառապանքի խորքն ընկղմված մի հոգու ողբը և աքսորից վերադարձած մի խումբ աղքատների աղոթքը, որոնք սպասում են այն օրվան, երբ կկարողանան վերակառուցել Երուսաղեմի՝ իրենց Սուրբ Քաղաքի պարիսպները: Մարդն ու ամբողջ տիեզերքն անցնում են, միմիայն Աստված է մնում (12-13.26-28). հետևաբար, Նա կարող է նոր կյանքի վերածնունդ պարգևել բզկտված գոյությանը և թալանված քաղաքին: Սա Տիրոջ զորության ապացույցներից մեկն է և Հին Ուխտի ժողովրդի հույսի հիմքն ու հենարանը: Եվ սա վավերական է նաև քրիստոնյաներիս համար, որովհետև մենք գիտենք, որ Աստված Իր ժողովրդի համար մշտնջենավոր բնակություն և օթևան է պատրաստել հանձինս Հիսուսի և Նրա Եկեղեցում, ինչպես ընդգծում է Պողոս Առաքյալը (Եբր 1, 10-12), երբ մեկնաբանում է այս սաղմոսի 26-29 հատվածը:
 

 
Կցորդ.   Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ և այսօր, նույնն է լինելու նաև հավիտյան (Եբր 13, 8):
կամ.   Ես եմ Ալֆան և Օմեգան, առաջինը և վերջինը, սկիզբը և վերջը (Հյտ 22, 13):
կամ.   Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի (Մրկ 13, 31):
կամ.  
Եթե մեր երկրային օթևանը կործանվի,
մի օթևան կստանանք Աստծուց (հմմտ. 2Կր 5, 1):

 


 
1Վշտացած հոգու աղոթքը, որ տառապում է և Աստծո առաջ ներկայացնում է իր ողբը:
 
2Տեր, լսիր իմ աղոթքը,
իմ աղաղակը թող հասնի Քեզ.
3մի՛ թաքցրու ինձնից Քո երեսը,
այն օրը, երբ տրտմության մեջ եմ.
դեպի ինձ խոնարհեցրու ականջդ,
երբ կանչում եմ Քեզ, շուտո՛վ, պատասխանիր ինձ:
 
4Ծխի նման անհետանում են իմ օրերը,
ոսկորներս այրվում են շիկացած ածուխի նման.
5սիրտս չորանում է հնձված խոտի պես,
մոռանում եմ ուտել իմ հացը.
6երկարատև հեծեծանքներիս պատճառով
մաշկս ոսկորներիս է կպնում:
 
7Նմանվում եմ անապատի բվեճին,
ինչպես ավերակներում թառած մի բու.
8գիշերը մնում եմ հսկելու,
միայնակ՝ ինչպես ճնճղուկը տանիքի վրա:
 
9Թշնամիներս ամբողջ օրը նախատում են ինձ,
մոլեգնած՝ անիծում են անձս.
10մոխիրն է հացը, որ ուտում եմ,
արցունքներ եմ խառնում ըմպելիիս:
 
11Զայրույթիդ ու բարկությանդ պատճառով,
բարձրացրիր ինձ և վար գցեցիր հողին.
12օրերս նման են ստվերին, որ թեքվում է,
և ես թառամում եմ խոտի նման:
 
***
 
13Բայց Դու, Տեր, թագավորում ես հավետ,
հիշատակդ՝ սերնդից սերունդ.
14Դու ոտքի կկանգնես, Սիոնին գթալով,
նրա նկատմամբ ողորմություն գործածելու ժամը հասել է.
15Քո ծառաների համար թանկագին են նրա քարերը,
նրա փոշու հանդեպ սեր են տածում նրանք:
 
16Հեթանոսները երկնչելու են Տիրոջ Անունից,
Քո փառքից՝ երկրի բոլոր թագավորները.
17երբ Տերը կվերականգնի Սիոնը,
երբ այնտեղ կհայտնվի Իր փառքի մեջ,
18կընդունի խոնարհի աղոթքը,
չարհամարհելով նրա աղաչանքը:
 
19Թող սա գրվի գալիք սերնդի համար,
և վերստեղծված ժողովուրդը կգովի Տիրոջը.
20«Սրբության բարձունքից դիտում է Տերը,
երկնքից Նա նայում է երկրի վրա.
21լսելու համար բանտարկյալի հեծեծանքը,
ազատելու համար մահվան դատապարտվածներին»:
 
22Տիրոջ Անունը մեծարվելու է Սիոնում,
գովաբանվելու է ամբողջ Երուսաղեմով մեկ.
23երբ ի մի են հավաքվելու ժողովուրդներն ու թագավորությունները,
և միասին ծառայելու են Տիրոջը:
 
***
 
24Ճանապարհի ընթացքում նվաղեցրեց իմ ուժը,
համառոտեց թիվն իմ օրերի.
25և ես աղաղակեցի. «Աստվա՜ծ իմ,
մի՛ վերցրու ինձ օրերիս կեսին»:
 
Քո տարիները հավիտյանս հավիտենից են,
26սկզբում հաստատեցիր երկիրը.
երկինքը Քո ձեռքերի գործն է,
27բայց դրանք կանցնեն, Դու կմնաս.
մաշվում են հյուսվածքի նման,
զգեստների նման Դու կնորոգես դրանք:
 
28Կնորոգվեն, բայց Դու կմնաս,
Քո տարիներն անվախճան են.
29ծառաներդ մի օթևան կունենան,
նրանց սերունդը կմնա Քո ներկայության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։