Հինկտակարանյան բանահյուսությունը – Գրադարան – Mashtoz.org

Հինկտակարանյան բանահյուսությունը

Հինկտակարանյան բանահյուսության մեջ ոտանավորը սովորաբար կազմվում է միմյանց միացող երկու (երբեմն նաև երեք կամ ավելի) նախադասություններով, որոնցից երկրորդը որոշակի համաչափություն ունի առաջինի հետ: Հինկտակարանյան բանահյուսությանը բնորոշ այս տարրը կոչվում է «զուգահեռականություն»: Այն կարող է հանդես գալ երեք եղանակով: Առաջինը դա հոմանիշների զուգահեռականությունն է, որն էլ ամենատարածվածն է. երկրորդ նախադասության մեջ ա՛յլ խոսքերով կրկնվում է առաջինի միևնույն գաղափարը: Օրինակի համար.
 
«Լեռները ցատկոտեցին խոյերի նման,
բլուրները՝ հոտի գառնուկների պես» (Սղմ 114, 4):
 
Կամ տակավին.
 
«Լսեցեք սա, ժողովուրդներ բոլոր,
լսեցեք, աշխարհի բնակիչներ» (Սղմ 49, 2):
 
Երկրորդը դա հակադրականն է, ուր գործածված պատկերների հակադրությունն ավելի է ընդգծում գաղափարը, որն հեղինակը կամենում է ավելի ուժգին դարձնել: Օրինակի համար.
 
«Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը,
անմիտ որդին տրտմեցնում է իր մորը» (Առկ 10, 1):
 
Այս երկրորդ կերպը ամենաշատ գործածվածն է ուսուցողական և պատգամախոսական հատվածներում: Երրորդ կերպը, որը բազմաթիվ տարբերակումներ ունի, դա զուգահեռականությունն է ընդարձակ իմաստով, երբ երկրորդ նախադասությունը պարզապես լրացնում է առաջինին: Օրինակի համար.
 
«Ես լիաձայն աղաղակում եմ Տիրոջը,
Նա պատասխանում է ինձ Իր Սրբության լեռից» (Սղմ 3, 5):
 
Հաճախ երկու նախադասություններից յուրաքանչյուրը ներկայացնում է գաղափարի մի մասը, այնպես, որ ամբողջական միտքը կազմվում է երկուսի կապակցումից: Այսպես, ինչպես վերոնշյալ օրինակում է, գաղափարն այն չէ, որ իմաստուն որդին ուրախացնում է միայն հորը, իսկ անմիտ որդին տրտմեցնում է միայն մորը, այլ՝ երկուսն էլ, ակնհայտորեն, ուրախության կամ տրտմության պատճառ են «ծնողների» համար: 92րդ սաղմոսի «Առավոտյան ավետարանել Քո սերը, / հավատարմությունդ՝ գիշերվա ընթացքում» խոսքերը նշանակում են աստվածային սերն ու հավատարմությունն ավետարանել ամեն օր կամ ամբողջ օրվա ընթացքում:
Թեև առավել հաճախակի են երկմասանի նախադասություններով կազմված ոտանավորները, կան նաև, ինչպես արդեն ասացինք, եռամասն կամ ավելի բազմամասն նախադասություններով կազմված ոտանավորներ: Սաղմոսարանի առաջին տաղն արդեն սկսվում է եռամասն նախադասությամբ.
 
«Երանելի է այն մարդը, որ չի հետևում չարագործների խորհուրդներին,
չի քայլում մեղավորների ճանապարհներով,
չի մասնակցում պարծենկոտների հավաքներին»:
 
Եթե ուշադրություն ենք դարձնում, ակնհայտ երևում է, որ այստեղ չարագործները, մեղավորները և պարծենկոտները գործածված են որպես հոմանիշներ: Ընդհանուր առմամբ, զուգահեռներին ուշադրություն դարձնելը մեծապես օգտակար է գրության իմաստն անսխալ հասկանալու համար: Ընթերցելով
 
«Աստված, Մեսիա Թագավորին տուր դատաստանդ,
արդարությունդ՝ Թագավորի որդուն» (Սղմ 72, 1),
 
հասկանում ենք, որ խոսքը չի վերաբերվում երկու տարբեր անձանց, որոնց համար խնդրվում են երկու տարբեր շնորհներ, այլ ավելի, որ խնդրո առարկա հանդիսացող թագավորը պատկանում է թագավորական գերդաստանի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։