Սաղմոս 62 [61] - Աստծո առաջ բացեք ձեր սիրտը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 62 [61] - Աստծո առաջ բացեք ձեր սիրտը

Մարդկանց չարությունից խոցված ու խաբված սրտին այս սաղմոսը տալիս է իմաստության ու վստահության ուսուցում. մարդիկ իրենց հաջողությանն աշխատում են հասնել չարությամբ, խաբեությամբ ու բռնությամբ, բայց արդարը ճանաչում է այդպիսի հաջողությունների վաղանցուկ ունայնությունը, որովհետև դրանք ոչ մի կարևորություն չունեն Աստծո դատաստանի առաջ: Ամբողջովին տարբեր է, մինչդեռ, արդարների ուժը. Տերը, որ յուրաքանչյուրին հատուցում է ըստ արժանիքների (Եզ 18; Հոբ 34, 11; Առկ 24, 12; Սիր 16, 14), երբեք ամոթով չի թողնի արդարների սպասումները:
 

 
Կցորդ.  
Իմ մոտ եկեք, դուք՝ բոլոր հոգնածներդ ու ճնշվածներդ,
և ես ձեզ հանգիստ կտամ (Մտթ 11, 28):
կամ.  
Հույսի Աստվածը թող ամեն տեսակ ուրախություններով ու խաղաղությամբ
լիացնի ձեզ հավատքի գործում (Հռմ 15, 13):
կամ.   Ձեր սիրտը թող չխռովվի. հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ (Հվհ 14, 1):
կամ.  
Աստծո խաղաղությունը կպահպանի ձեր սրտերը և ձեր մտքերը
Քրիստոս Հիսուսի մեջ (հմմտ. Փլպ 4, 7):
կամ.  
Արդար դատաստանի հայտնության օրը
Աստված յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի (հմմտ. Հռմ 2, 5-6):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Իդութուն»ի վրա: Սաղմոս: Դավթի:
 
2Աստծո մեջ եմ ես հանգիստ գտնում միայն,
Նրանից է իմ փրկությունը.
3միայն Նա է իմ վեմն ու իմ փրկությունը,
իմ ապաստանն է, ես չեմ սասանվի:
 
4Մինչև ե՞րբ եք բոլորդ միասին հարձակվելու
մեկ մարդու դեմ՝ նրան կործանելու համար.
կարծես թե թեքված մի պատ լիներ,
պարիսպ, որ քանդվում է:
 
5Ինձ վար գցելու մասին են միայն մտածում,
սուտ խոսելիս հաճույք են ստանում.
խոսելիս՝ շրթունքներով օրհնում են,
սրտում, մինչդեռ, անիծում:
 
6Միայն Աստծո մեջ հանգիստ փնտրիր, հոգի իմ,
Նրանից է իմ փրկությունը.
7միայն Նա է իմ վեմն ու իմ փրկությունը,
իմ ապաստանն է, ես չեմ սասանվի:
 
8Ես իմ փրկությունը և իմ փառքը գտնում եմ
իմ Աստծո մոտ.
Աստծո մոտ է իմ ամրացված ժայռը,
իմ ապահով ապաստարանը:
 
***
 
9Ձեր վստահությունն ընդմիշտ Նրա վրա հաստատեցեք,
դուք՝ Իր ժողովուրդ.
Նրա առջև բացեք ձեր սիրտը,
մեր ապավենն Աստված է:
 
10Ադամի որդիներն ա՛յլ բան չեն, եթե ոչ՝ մի շունչ,
մահկանացուն մի խաբկանք է.
բոլորը միասին նժարին դրվելով՝
սլանում են վեր:
 
11Հույսներդ բռնության վրա մի՛ դրեք,
ձեր շահերով մի՛ խաբվեք.
սրտներդ հարստություններին մի՛ կապեք,
նույնիսկ երբ աճում ու ավելանում են:
 
12Աստված մի խոսք արտասանեց,
ես երկուսը լսեցի.
Աստծուն է պատկանում ուժը,
13Քեզ, Տեր, շնորհը.
և Դու իր իսկ գործերի համաձայն
կհատուցես յուրաքանչյուր մարդու:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։