Սաղմոս 58 [57] - Կա Աստված, որն արդարություն է անում երկրի վրա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 58 [57] - Կա Աստված, որն արդարություն է անում երկրի վրա

Իշխանների նման, դատավորները նույնպես երկրի վրա աստվածային իշխանությունը կիրարկող պաշտոնյաներ են, քանի որ դատելը նույնպես, թագավորելու նման, Աստծո իշխանությունն է: Բայց ի՞նչ են դառնում այդ պաշտոնները մարդկանց ձեռքում: Սաղմոսն իսկույն սկսվում է ընդդեմ նրանց, ովքեր ապականում ու այլասերում են այդ պաշտոնները: Նրանց դեմ ուղղված նզովքներն արտահայտվում են արևելյան գունեղ բառապաշարով, իսկ մոտակա վրիժառության ուրախությունը մեզ թվում է գրեթե դաժան: Պետք է, սակայն, ի նկատի ունենանք, որ սաղմոսերգուն նախևառաջ կամենում է հաստատել, որ կա մի արդարություն, որը չի կարող ո՛չ ճնշվել, ո՛չ էլ ծաղրվել, որովհետև Աստծո արդարությունն է:
 

 
Կցորդ.  
Մահը և դժոխքները նետվեցին կրակի լիճը:
Երկրորդ մահը կրակի լիճն է (հմմտ. Հյտ 20, 14):
կամ.  
Գահավիժեց մեր եղբայրներին զրպարտողը,
նա, որ զրպարտում էր նրանց Աստծո առաջ (հմմտ. Հյտ 12, 10):
կամ.   Օձեր, իժի ծնունդներ, ինչպե՞ս եք խուսափելու գեհենի դատապարտությունից (Մտթ 23, 33):
կամ.   Մի՛ դատեք արտաքին կերպարանքի համաձայն, այլ՝ դատեք արդար դատաստանով (Հվհ 7, 24):
կամ.   Մի՛ դատեք ժամանակից շուտ, մինչև որ կգա Տերը (1Կր 4, 5):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մի՛ կործանիր: Դավթի: Միքթամ:
 
2Մի՞թե իսկապես արդարություն եք անում, հզորներ,
մի՞թե ուղղությամբ եք դատում մարդկանց.
3ձեր սրտում արդեն նյութում եք ոճիր,
երկրին տալիս եք բռնության վարչակարգ:
 
4Չարագործները շեղվել են ծննդից սկսած,
ստախոսներն այլասերված են մանկությունից ի վեր.
5նրանց թույնը իժի թույնի պես է,
օձերի նման խցում են ականջները,
6խուլ են մնում հմայիչի ձայնին,
նրա, ով դյութում է հմտորեն:
 
7Փշրիր, Աստված, նրանց ատամները բերանի մեջ,
ջարդիր, Տեր, այս առյուծների երախները.
8թող ցիրուցան լինեն ջրի նման, որ կաթում է,
թող թոռոմեն ոտնակոխ եղած խոտի նման.
9անհետանան՝ խխունջի նման սողալով,
վիժվածի նման՝ չտեսնեն արևը:
 
10Չոր փայտերին բռնող կրակից ավելի արագ,
թող նրանց պատի բարկության հուրը.
11արդարն ուրախությամբ թող տեսնի իր վրեժը,
ամբարիշտի արյան մեջ լվա իր ոտքերը.
12թող ասվի. «Պտուղ կա արդարի համար,
կա մի Աստված, որ արդարություն է անում երկրի վրա»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։