Սաղմոս 73 [72] - Խորհրդածում էի՝ հասկանալու համար – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 73 [72] - Խորհրդածում էի՝ հասկանալու համար

Թվում է, թե նրանք, ովքեր Աստծուն արհամարհում են, այս կյանքում ավելի հաջողություն են գտնում, քան արդարները: Եվ նրանց օրինակը դառնում է գայթակղություն. ուրեմն ի՞նչ իմաստ ունի հավատարիմ մնալը: Կասկածի փորձության մեջ հայտնված, հավատացյալը լույս է փնտրում Աստծուց: Նմանօրինակ խորհրդածությամբ, ահա՛, նրա հավատքը խորանում է և նորոգ ուժով արմատանում է մի համոզմունք. մարդկային փառքն ապագա չունի, մինչ Աստծո մտերմությունը միշտ թանկարժեք է մնում. այն չի կարող ո՛չ վերջանալ, ո՛չ էլ հուսախաբ թողնել: Իմաստունը, որն այստեղ արտահայտվում է, հռչակում և կանխավ ճաշակում է Տիրոջ հետ ապրելու բերկրանքը. այսպիսով գրեթե տալիս է հավիտենական երանության սահմանումը: Հոգևոր խռովքի պահերին այս սաղմոսը կարող է նոր լիցք հաղորդել մեր ներանձնական կյանքին:
 

 
Կցորդ.  
Աշխարհն անցնում է իր գոռոզությամբ,
բայց ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան (1Հվհ 2, 17):
կամ.  
Աստված ընտրեց աշխարհի աղքատներին, նրանց հավատքով հարուստ
և արքայության ժառանգորդ դարձնելու համար (հմմտ. Հկբ 2, 5):
կամ.  
Տեսանելի իրականությունները վայրկենական են,
անտեսանելիները՝ հավիտենական (2Կր 4, 18):
կամ.  
Ով գործածում է աշխարհը, թող այնպես վարվի, որ կարծես թե չի գործածում,
որովհետև այս աշխարհի տեսարանն անցնում է (1Կր 7, 31):
կամ.   Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք տեսնելու են Աստծուն (Մտթ 5, 8):

 


 
1Սաղմոս: Ասափի:
 
Աստված իսկապես բարի է Իսրայելի նկատմամբ,
մարդկանց նկատմամբ, որ մաքուր են սրտով.
2բայց քիչ էր մնացել, որ ոտքերս շեղվեին
և գրեթե սասանվում էին իմ քայլերը.
3քանի որ նախանձում էի պարծենկոտներին,
տեսնելով չարագործների հաջողությունները:
 
4Մինչև մահ՝ չեն գտնում խոչընդոտներ
և վայելում են կատարյալ առողջություն.
5չեն ճանաչում մարդկային հոգնությունը,
չեն հարվածվում ինչպես մյուս մահկանացուները:
 
6Հպարտությունը գրկում է նրանց ինչպես վզնոց,
բռնությունը պատում է նրանց ինչպես հագուստ.
7նրանց աչքը փայլում է բարօրությամբ,
նրանց սրտից առատորեն թափվում են ցանկությունները:
 
8Ծաղրում են և ծրագրում են չարիք,
վերևից սպառնում են գոռոզությամբ.
9իրենց բերանը բարձրացնում են մինչև երկինք,
իրենց լեզուն գայթակղեցնում է երկիրը:
 
10Սրա համար է ժողովուրդը հետևում նրանց,
խմելու համար ճոխության աղբյուրից.
11նրանք մտածում են. «Բայց Աստված կարո՞ղ է իմանալ,
ճանաչողություն ունի՞ Բարձրյալը».
12ահա, սրանք են ամբարիշտները,
մշտապես անվնաս՝ բազմապատկում են հաջողությունը:
 
***
 
13Մի՞թե ի զուր սիրտս մաքուր պահեցի,
անմեղության մեջ լվացի ձեռքերս.
14ինչո՞ւ եմ ամբողջ օրը խրախուսում ինքս ինձ,
ուղղում եմ ինքս ինձ առավոտից ի վեր.
15բայց եթե ասեի. «Վարվելու եմ նրանց պես»,
կդավաճանեի որդիներիդ սերնդին:
 
16Հայնժամ խորհրդածեցի՝ ըմբռնելու համար,
թե ի՞նչ հոգնություն ծանր թվաց աչքերիս առաջ,
17մինչև որ մտա Աստծո գաղտնիքներից ներս
և հասկացա, թե ինչպիսին է լինելու նրանց վախճանը.
18նրանց դրել ես սայթաքեցուցիչ վայրերի վրա
և նրանց արդեն իսկ դեպի կործանում ես քաշում:
 
19Ահա նրանք սարսափում են մի վայրկյանում,
վերջացած, սպառված են վախից.
20ինչպես երազը զարթնումի պահին, Տեր,
առավոտյան անէացնում ես նրանց կերպարանքը:
 
21Սիրտս կարծրացել էր
և տառապում էի ներաշխարհումս.
22իսկապես հիմար էի և չէի հասկանում,
Քո առաջ նման էի անասուն կենդանու:
 
***
 
23Բայց ես միշտ մնում եմ Քո հետ,
իսկ Դու բռնել ես իմ ձեռքը.
24առաջնորդում ես ինձ ծրագրերիդ համաձայն,
իսկ հետո՝ ընդունելու ես ինձ փառքիդ մեջ:
 
25Ուրիշ ո՞ւմ իմ համար կունենամ երկնքում:
Քո հետ, ուրիշ ոչինչ չեմ փափաքում երկրի վրա.
26եթե մարմինս ու սիրտս սպառվում են,
Աստված իմ բաժինն է, վեմը իմ սրտի:
 
27Ով հեռանում է Քեզնից, մոլորվում է,
Դու կործանում ես անհավատարիմ դարձողներին.
28իմ համար բարիքը Աստծո մոտ մնալն է,
Տեր Աստծո վրա իմ հույսը դնելը
և Իր բոլոր գործերը պատմելը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։