Սաղմոս 56 [55] - Աստծո խոսքն եմ ես երգում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 56 [55] - Աստծո խոսքն եմ ես երգում

Եվս մեկ անգամ, տառապանքների մեջ ընկած մի մարդ Աստծուն որպես վկա է կանչում ընդդեմ անարդարության, որին ենթարկվել է: Աստծո դատաստանին է դիմում ընդդեմ իրեն հալածողների: Բայց, ինչը որ ամենակարևորն է, կրոնական մի խորին զգացողություն նրան թույլ է տալիս հոգևոր ըմբռնումով զգալու, որ մարդկանց աղոթքն ու արցունքները թանկարժեք են Աստծո համար և խորապես հուզում են Նրան: Այս աղերսանքի ընթացքը եզրափակվում է կրկներգում. Տիրոջ խոսքի նկատմամբ հաստատուն վստահության դավանում (5.11-12), մարդկանց բոլոր ծրագրերից անդին: Այս վստահությունն այնքան ուժգին է, որ ողբը փառաբանության է փոխակերպվում:
 

 
Կցորդ.  
Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը,
բայց չեն կարող սպանել հոգին (Մտթ 10, 28):
կամ.   Մենք, որ ողջ ենք, մշտապես մահվան ենք տրվում Հիսուսի համար (2Կր 4, 11):
կամ.  
Հայնժամ Աստված կլինի Աստված-նրանց-հետ,
կչորացնի նրանց աչքերի արցունքները (հմմտ. Հյտ 21, 3-4):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Հեռավորների համր աղավնի»ի վրա: Դավթի: Միքթամ:
Երբ փղշտացիները նրան որպես բանտարկյալ պահում էին Գեթում:
 
2Աստված, ողորմիր ինձ, կա մեկը, որ ծուղակ է լարում իմ համար,
ամբողջ օրը հարձակվում է վրաս ու չարչարում,
3ամբողջ օրը կատաղում է ու վրաս նետվում.
բայց վերևում պատերազմ է մղվում իմ համար,
4և ես նեղության օրը
Քեզնում եմ հաստատում իմ վստահությունը:
 
5Աստծո խոսքն եմ ես երգում,
Աստծուն եմ վստահում և չեմ վախենում.
ի՞նչ կարող է անել ինձ մահկանացուն:
 
6Ամբողջ օրը խայթում են ինձ խոսքերով
և մտածում են չարիք անել ինձ.
7գաղտնի հավաքվում են և լրտեսում իմ քայլերը,
և հույսն ունեն վեջտեղից վերցնելու իմ կյանքը.
8մի՞թե խուսափելու են, ո՜վ Աստված, այս ոճիրների պատժից,
Քո զայրույթը թող գետնին հավասարեցնի զորությունները:
 
9Հաշվեցիր իմ թափառումի քայլերը,
հավաքեցիր արցունքներս մի անոթի մեջ,
և ամեն բան գրված է Քո գրքում.
10թշնամիներս պետք է ետ նահանջեն,
այն օրը, որում ես կկանչեմ Քեզ
կիմանամ, որ Աստված մոտ է ինձ:
 
11Աստծո խոսքն եմ ես երգում,
ես երգում եմ Տիրոջ խոսքը,
12Աստծուն եմ վստահում և չեմ վախենում.
ի՞նչ կարող է անել ինձ մարդը:
 
13Կատարում եմ, Աստված, Քեզ տված խոստումներս,
երախտագիտություն եմ մատուցելու Քեզ.
14որովհետև մահից ազատեցիր կյանքս,
անկումից պահեցիր ոտքերս,
ընթանալու համար երեսիդ առաջ,
կյանքի լույսի մեջ, ո՜վ Աստված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։