Սաղմոս 51 [50] - Մաքուր սիրտ ստեղծիր ինձնում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 51 [50] - Մաքուր սիրտ ստեղծիր ինձնում

Այս սաղմոսը ամենամարդկային աղոթքներից մեկն է: Բառապաշարը պարզ է, անպաճույճ, ուղղակի: Խոստովանության մեջ նման անկեղծություն գտնելու համար, անսահման վստահություն պետք է ունենանք Աստծո ողորմության հանդեպ:
Արտահայտելով Դավիթ թագավորի զղջումը նրա ծանր մեղքից հետո (2Սմ 12, 13), այս աղերսանքը մեզ ցույց է տալիս ապաշխարության իրական դեմքը: Մարդը սկսում է գիտակցել մեղքի ծանրությունը, որն հեռացնում է իրեն Աստծուց (Եզ 2, 3.7; 16, 43). չարիքն իր արմատները գցում է մինչև մարդկային էության ամենախորքերը (Եր 5, 23; 7, 24; 17, 9; Եզ 36, 26): Բավական չէ աճապարանքով տրված ներումը, արտաքուստ մաքրագործումը. սիրտն է, որ պետք է կերպարանափոխվի: Միմիայն Աստված կարող է կատարել այս նոր արարչագործությունը և նորոգել հոգին: Միմիայն Նա է ի զորու պատասխանելու մարդու ամբողջական նորոգման փափաքին, բայց դրան անհրաժեշտորեն պետք է նախորդի անկեղծ սրտով ներման հայցումը:
Սաղմոսերգուին միանալով, Աստծո առաջ անկեղծորեն կարող ենք խոստովանել մեր հանցանքները, խնդրելով Նրանից ջնջել դրանք և ազատել մեզ դրանցից: Եվ պետք է հատկապես խնդրենք Նրանից, որ Իր Հոգու պարգևումով շնորհի մեզ փրկության բերկրանքն ու սիրո վեհանձնությունը:
 
– Երբ հրեաները վերադարձան աքսորից, այս սաղմոսի խոսքերը գործածեցին այս անգամ ո՛չ թե անձնական, այլ՝ հավաքական խոստովանության համար, ընդունելով, որ ամբողջ ժողովրդի մեղքերի կուտակումով էին արժանացել Երուսաղեմի գրավմանն ու Տաճարի կործանմանը (Եր 39, 1-14): Այդ առիթով էլ սաղմոսին ավելացրել են նրա վերջին՝ 20-21 հատվածները:
 

 
Կցորդ.  
Մաքսավորը տուն վերադարձավ արդարացած,
որովհետև ով խոնարհվում է, կբարձրացվի (հմմտ. Ղկս 18, 14):
կամ.   Տեր, եթե կամենաս, կարող ես բժշկել ինձ (Մտթ 8, 2):
կամ.  
Մեղանչեցի երկնքի և Քո դեմ,
այլևս արժանի չեմ կոչվելու Քո որդին (Ղկս 15, 21):
կամ.   Աստված, ողորմիր ինձ, որովհետև մեղավոր եմ ես (հմմտ. Ղկս 18, 13):
կամ.  
Եթե ասում ենք, թե առանց մեղքի ենք,
խաբում ենք ինքներս մեզ և ճշմարտությունը մեզնում չէ (1Հվհ 1, 8):
կամ.  
Եթե խոստովանում ենք մեր մեղքերը,
Նա կմաքրի մեզ ամեն անարդարությունից (հմմտ. 1Հվհ 1, 9):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
2Երբ իր մոտ եկավ Նաթան մարգարեն, Բերսաբեի մոտ իր մտնելուց հետո:
 
3Ողորմիր ինձ, Աստված, սիրույդ համաձայն,
ըստ Քո մեծ ողորմության՝ ջնջիր իմ մեղքը.
4և լվա ինձ իմ բոլոր հանցանքներից,
ամեն ամբարշտությունից մաքրիր անձս:
 
5Այո՛, ես ընդունում եմ իմ մեղքը,
սխալս միշտ իմ առջևում է.
6Քո դեմ, միայն Քո դեմ մեղանչեցի,
այն, ինչը որ չար է Քո առաջ, ես կատարեցի:
 
Այո՛, Դու արդար ես, երբ խոսում ես,
երբ դատում ես, միշտ արդարացի ես.
7ահա, հանցանքի մեջ եմ ծնվել,
որպես մեղավոր հղացավ ինձ իմ մայրը:
 
8Բայց Դու ճշմարտությունն ես ուզում իմ սրտի ներսում,
խորություններում՝ ուսուցանում ես ինձ իմաստությունը.
9ցողիր ինձ զոպայով և մաքուր կլինեմ,
լվա ինձ և ձյունից ավելի սպիտակ կլինեմ:
 
10Տուր ինձ զգալ բերկրանքն ու ուրախությունը,
կցնծան ոսկորները, որոնք նվաղեցրիր.
11սխալներիցս կտրիր հայացքդ
և ջնջիր իմ բոլոր հանցանքները:
 
12Ստեղծիր ինձնում, ո՜վ Աստված, մի մաքուր սիրտ,
վերանորոգիր ինձնում հաստատուն հոգի.
13Դեմքիցդ հեռու մի՛ վտարիր ինձ,
ետ մի՛ վերցրու Քո սուրբ Հոգին:
 
14Վերստին պարգևիր ինձ փրկությանդ ուրախությունը,
վճռակամ ոգիով թիկունք կանգնիր ինձ.
15մոլորվածներին կուսուցանեմ Քո ճանապարհները,
մեղավորները կվերադառնան դեպի Քեզ, Աստված:
 
16Արյուն հեղելուց պահիր ինձ, փրկության իմ Աստված,
և լեզուս կհռչակի Քո արդարությունը.
17Տեր, բացիր իմ շրթունքները
և բերանս կերգի Քո գովասանքը:
 
18Եթե զոհ եմ մատուցում Քեզ, չես կամենում,
ողջակեզներ, բայց չես հաճում դրանց.
19Աստծո համար զոհ է զղջացած հոգին,
խոնարհված և տառապած հոգին Դու չես մերժում, Աստված:
 
20Սիրույդ համաձայն՝ շնորհ արա Սիոնին,
վերստին բարձրացրու Երուսաղեմի պարիսպները.
21հաճույքով կընդունես արդարության զոհերն, ընծաներն ու ողջակեզները,
պատարագները՝ խորանիդ վրա մատուցված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։