Սաղմոս 119.15 (Սամեք) - Ատում եմ անկայուն սրտերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.15 (Սամեք) - Ատում եմ անկայուն սրտերը

Կցորդ.  
Եղեք անձինք, որ գործի են վերածում խոսքը,
և ո՛չ թե միայն ունկնդիրներ, խաբելով ինքներդ ձեզ (հմմտ. Հկբ 1, 22):
կամ.  
Ով լսում և գործադրում է իմ խոսքերը,
նման է այն մարդուն, որն իր տունը կառուցել է ժայռի վրա (հմմտ. Մտթ 7, 24):
կամ.  
Ով լսում է խոսքը և պահում է բարի սրտով,
պտղաբերում է իր հարատևությամբ (հմմտ. Ղկս 8, 15):

 


 
113Ես ատում եմ բաժանված սրտերը
և սիրում եմ Քո օրենքը.
114իմ ապաստանն ու իմ վահանը Դու ես,
հույսս խոսքիդ վրա եմ դրել:
 
115Հեռացեք ինձնից, չարիք գործողներ,
պահում եմ իմ Աստծո հրամանները.
116օգնիր ինձ խոստմանդ համաձայն և կապրեմ,
հուսախաբ չթողնես իմ սպասումը:
 
117Պաշտպանիր ինձ և ես կփրկվեմ,
խորհում եմ միշտ Քո կամքը.
118Դու մերժում ես նրան, ով հեռանում է Քո կամքից,
այդպիսի մարդու խորամանկությունը ստություն է:
 
119Թափվելիք ավելցուկ ես համարում երկրի ամբարիշտներին,
այս իսկ պատճառով՝ սիրում եմ Քո խրատները.
120Քո երկյուղով սարսափում է մարմինս
և պաշտում է Քո վճիռները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։