Սաղմոս 45 [44] - Աստված, Քո Աստվածն օծեց Քեզ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 45 [44] - Աստված, Քո Աստվածն օծեց Քեզ

Այս սաղմոսը, որն իր տեսակի մեջ միակն է ամբողջ Սաղմոսարանում, թերևս շարադրվել է թագավորական ամուսնության կապակցությամբ: Սկսվում է թագավորին ուղղված գովաբանությամբ, ապա երգահանը մեր աչքերի առջև պատկերում է ամբողջ արարողությունը: Նախևառաջ նա պանծացնում է թագավորին, որին ներկայացնում է որպես մի նոր Դավիթ, որպես Օծյալը, որի մասին խոսում է Եսայի Մարգարեն (Ես 9, 5-6; 11, 3-5). նրանում կատարվում են թագավորական տոհմին տրված աստվածային խոստումները (2Սմ 7, 11-16): Ապա հետևում են թագուհուն ուղղված խոսքերը (11-17). երգահանը գովերգում է ընտրված հարսնացուին, որն, ի միջի այլոց, օտարերկրացի է. նա հառաջ է ընթանում իր արքայական փեսայի աջին, հարուստ հանդերձանքով զգեստավորված և ընծաներով ճոխացած. նրան առաջնորդում են դեպի թագավորական պալատը, պարմանուհիների ուղեկցությամբ, մինչ նրան նվիրում են բարեմաղթական պսակը:
Արքայական ամուսնության արարողությունից անդին, այս սաղմոսում ներկայացվում է ամբողջովին ա՛յլ տեսակի միության մարգարեական պատկերը: Մարգարեներն արդեն խոսել էին Աստծո և Իր ժողովրդի միջև հոգևոր նշանադրության մասին (Ովս 2, 16; Եզ 16, 8...; Ես 62, 5). համարձակ պատկեր է, անշուշտ, բայց ծայր աստիճան հարուստ: Մեկնաբանելով մարգարեական ոգի ունեցող այս գեղեցիկ տաղերը, Հին Ուխտի վարդապետները կանխազգում էին այն Նոր Ուխտը, որը գալիք Մեսիան հաստատելու էր, ընդարձակելով այն և տարածելով նաև հեթանոս ժողովուրդների վրա: Քրիստոնեական ավանդությունը այս սաղմոսում միշտ տեսել է Քրիստոսի և Եկեղեցու միջև միության մարգարեական ավետումը (Մտթ 9, 15; 22, 9; Հվհ 3, 29; 2Կր 11, 2; Եփս 5, 22; Հյտ 19, 9; 21, 2), այն նոր ու վերջնական դաշինքի, որը տարածված է բոլոր ժողովուրդների վրա:
 

 
Կցորդ.  
Իսկ Որդուն ասում է.
«Քո աթոռը, ո՜վ Աստված, հավիտյանս հավիտենից է» (Եբր 1, 8):
կամ.  
Այս խորհուրդը մեծ է
և վերաբերվում է Քրիստոսին ու Եկեղեցուն (հմմտ. Եփս 5, 32):
կամ.  
Նշանեցի ձեզ մեկ միակ Փեսայի,
ներկայացնելու համար ձեզ Քրիստոսին որպես անարատ կույսեր (2Կր 11, 2):
կամ.  
Ահա, հասել է Գառան հարսանիքի օրը.
Նրա հարսը պատրաստ է, փառահեղ զգեստներ հագած (հմմտ. Հյտ 19, 7-8):
կամ.  
Քրիստոսը սիրեց Եկեղեցուն և նրա համար նվիրեց Իր Անձը,
որպեսզի Իր առջև կանգնեցնի ամբողջովին փառքով պատված (հմմտ. Եփս 5, 25.27):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Շուշաններ»ի վրա: Կորխի որդիների:
Մասքիլ: Սիրո երգ:
 
2Սրտիցս բխում են գեղեցկության խոսքեր,
Մեսիա Թագավորի առաջ երգում եմ իմ բանաստեղծությունը.
լեզուս նման է արագ գրագրի գրչին:
 
3«Մարդկանց որդիների մեջ ամենագեղեցիկը Դու ես,
Քո շրթունքներից հեղվում է շնորհ,
որովհետև Աստված հավիտյան օրհնեց Քեզ:
 
4Ո՜վ հզոր, գոտեպնդվիր սրով,
փառքով ու վայելչությամբ հառաջացիր ու հաղթանակիր,
5նժույգիդ հեծիր՝ ճշմարտության, հեզության ու արդարության համար:
 
Քո աջը սովորեցնի քեզ հրաշալի գործեր,
6Քո առաջ, նետերիդ հարվածներով, ընկնեն հեթանոսները,
Մեսիա Թագավորի թշնամիները, սրտից խոցված:
 
7Քո գահը, ո՜վ Աստված, տևում է ընդմիշտ, հավիտյան,
արքայությանդ գավազանը արդարության գավազան է,
8Դու սիրում ես արդարությունը և ատում՝ անօրենությունը:
 
Այս իսկ պատճառով օծեց քեզ, Աստված, Քո Աստվածը,
բերկրանքի օծմամբ նախընտրեց Քեզ Քո ընկերներից,
9զգեստներդ ամբողջ մյուռոն, ալոե ու կասիա են բուրում:
 
Փղոսկրյա պալատներում ուրախացնում են Քեզ համերգները,
10նախասիրյալներիդ մեջ կան թագավորների դստրեր.
Քո աջին կանգնած է Կինը, Օֆիրի ոսկիներով զարդարված»:
 
***
 
11«Լսիր, ո՜վ դուստր, նայիր և ականջ դիր.
մոռացիր քո ժողովուրդը և քո հոր տունը,
12որովհետև Մեսիա Թագավորը ցանկացել է քո գեղեցկությունը:
 
Նա է քո Տերը, ո՜վ դուստր Տյուրոսի,
13երկրպագիր Նրան և ժողովրդի մեծամեծները
ընծաներով կխնդրեն քո ժպիտը»:
 
14Ահա, թագավորի դուստրը մտնում է իր փառքի մեջ,
ոսկեհյուս կտավներով հանդերձավորված.
15այլևս պատրաստ՝ առաջնորդվում է Մեսիա Թագավորի առաջ:
 
Իր կույս ընկերուհիներն իր ետևից շքախումբ են կազմում,
16երգով և ուրախությամբ ընկերանում են նրան մինչև Քո մոտ,
տոնակատարությամբ մտնում են արքայական հարկից ներս:
 
17«Հայրերիդ փոխարեն կլինեն քեզ որդիներ,
նրանց իշխաններ կկարգես ամբողջ երկրի վրա.
18սերնդե սերունդ հիշել կտամ անունդ,
ժողովուրդներն հավիտյանս հավիտենից օրհնելու են քեզ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։