Սաղմոս 126 [125] - Ով սերմանում է արտասվելով – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 126 [125] - Ով սերմանում է արտասվելով

Բաբելոն աքսորվածների համար հայրենիք վերադառնալն այնքան անսպասելի իրադարձություն էր, որ թվում էր երազ. դա աստվածային հրաշք էր, որ սրտերը լիացրել էր վստահությամբ և ուրախությամբ: Բայց ժողովուրդը դեռ չէր հաղթահարել բոլոր դժվարություններն ու վտանգները: Այդ իսկ պատճառով Տիրոջից խնդրում էր, որ Նա Ինքն ավարտին հասցնի ազգային ու կրոնական վերածննդի Իր կողմից սկսված գործը:
Մահվանն ընդառաջ գնալուց առաջ Հիսուսը կանխավ ավետել էր, որ Իր աշակերտների տրտմությունը վերափոխվելու էր ուրախության (Հվհ 16, 20): Վիճակի փոփոխությունն արագ էր լինելու և անսպասելի կերպով, ինչպես պատահում է անապատի հեղեղատներին, որոնք հանկարծակի կանաչում են առաջին իսկ պատահած անձրևի ներքո: Աշակերտների տրտմությունը փարատվելու էր ինչպես երկունքի ցավերը, որոնք կինն իսկույն մոռանում է, այնքա՜ն մեծ է ուրախությունը մի նոր մարդու ծննդյան համար (Հվհ 16, 21):
Այս սաղմոսը երկու եղանակով կարող է սնուցանել մեր հավատքը. նախ հրավիրելով մեզ ճանաչելու այն սքանչելի գործերը, որոնք Աստված կատարել է և շարունակում է կատարել մեր համար. իսկ ապա, ամուր և անսասան պահելով մեր վստահությունը ներկա ժամանակվա տառապանքների ու դժվարությունների դիմաց: Երբ դրանք վրա են հասնում, չպետք է զարմանանք (1Պտ 4, 12-14). վաղը լիանալու ենք ուրախությամբ: Այն, ինչը կրում ենք այսօր, անհամեմատելի է այն երանության հետ, որն Աստված պատրաստել է Իր հավատարիմ ծառաների համար (Հռմ 8, 18):
 

 
Կցորդ.  
Դուք հարատևեցիք իմ հետ իմ փորձություններում,
և ես մի արքայություն եմ պատրաստում ձեր համար (հմմտ. Ղկս 22, 28-29):
կամ.  
Եթե մասնակցում ենք Քրիստոսի չարչարանքներին,
մասնակցելու ենք նաև Նրա փառքին (հմմտ. Հռմ 8, 17):
կամ.  
Ինչպես մասնակից եք չարչարանքներին,
մասնակից եք լինելու նաև մխիթարությանը (հմմտ. 2Կր 1, 7):
կամ.  
Ով հնձում է, պտուղ է հավաքում հավիտենական կյանքի համար,
որպեսզի նրանով ուրախանա ո՛վ սերմանում է և ո՛վ հնձում (հմմտ. Հվհ 4, 36):
կամ.   Հզորը մեծ գործեր կատարեց ինձնում և սուրբ է Իր Անունը (Ղկս 1, 49):
 

 
1Աստիճանների երգ:
 
Երբ Տերը ետ էր բերում Սիոնից տարված գերիներին,
մեզ թվում էր, թե երազում ենք.
2մեր բերանը լի էր ծիծաղով,
մեր լեզուն՝ երգերով:
 
«Մեծ գործեր կատարեց Տերը նրանց համար», –
ասում էին հեթանոսները.
3մեծ գործեր կատարեց մեր համար Տերը,
բերկրանքով լիացրեց մեզ:
 
4Վերադարձիր, Տեր, և մենք կվերադառնանք
ինչպես անապատի հեղեղատները.
5ովքեր սերմանում են արտասվելով,
կհնձեն ուրախության մեջ:
 
6Գնալիս քայլում են արտասվելով
և նետում են սերմը.
վերադառնալիս գալիս են երգելով
և կրելով բերում են իրենց հունձքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։