Սաղմոս 68 [67] - Պարգևների անձրև էիր հեղում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 68 [67] - Պարգևների անձրև էիր հեղում

Սաղմոսերգուի խոսքերով սկսվում է Տապանակի տեղափոխման թափորը, ինչպես այն ժամանակ, երբ Տապանակն առաջնորդում էր ժողովրդի հառաջխաղացումը (թիվ 2; հմմտ. Թց 10, 35): Սաղմոսերգուն մեր աչքերի առջևով անցկացնում է Իսրայելի ամբողջ պատմությունը որպես Աստծո հաղթական ընթացքը, որպես Նրա թափորը մինչև Երուսաղեմի սիրտը: Աստված ոտքի է կանգնում, խավարը փարատվում է. Նա գլխավորում է Իր ժողովրդին, հակառակորդները դրանից սարսափում են: Այս տաղը լիաձեռն հավաքում է ամենատպավորիչ պատկերները, որոնք մեր համար սակայն մեծ մասամբ մնում են անորոշ: Աստծո այդ գալստյան մեջ, այնուամենայնիվ, կարող ենք ճանաչել Իսրայելի պատմության որոշակի պահերը. Եգիպտոսից ելքը և աստվածային հայտնությունը Սինայում (թիվ 8-9; հմմտ. Ել 19, 16), ելքի ժամանակ կատարված հրաշքները (թիվ 10-11), Դատավորների ձեռնարկները (թիվ 12-15), Երուսաղեմի գրավումը (թիվ 15-19), և այլն:
Աստծո հաղթական ընթացքի մեջ, որը բարձրանում և տիրում է Երուսաղեմի սրբազան բլրանը, Պողոս Առաքյալը տեսնում է մարգարեական պատկերը Հիսուս Քրիստոսի հաղթական ընթացքի, որն Իր ետևից տանում է փրկվածների ժողովրդին՝ Եկեղեցուն, որին ճոխացրել է Սուրբ Հոգու պարգևներով (թիվ 19; հմմտ. Եփս 4, 8-11): Այս սաղմոսն աղոթելով, քրիստոնյան հիշում է Աստծո ներկայությունը աշխարհի իրադարձություններում և մարդկության պատմության ներսում, որն Աստծո կողմից շարունակ կանչվում է հասնելու հավիտենական փառքին:
 

 
Կցորդ.   Մեծ զորությամբ Առաքյալները վկայում էին Տեր Հիսուսի հարությունը (Գրծ 4, 33):
կամ.  
Աճապարանքով հեռանալով գերեզմանից,
կանայք վազեցին ավետիսը տալու աշակերտներին (հմմտ. Մտթ 28, 8):
կամ.  
Համբառնալով երկինք, Իր հետ տարավ բանտարկյալներին,
պարգևներ բաշխեց մարդկանց (Եփս 4, 8):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի: Սաղմոս: Երգ:
 
2Թող ոտքի ելնի Աստված, թող ցրվեն Իր թշնամիները,
հակառակորդները թող փախչեն Իր երեսից,
3անհետանան ինչպես ծուխը քամու առաջ:
 
Ինչպես հալվում է մոմը կրակի առաջ,
թող Աստծո առաջ կորստյան մատնվեն ամբարիշտները.
4իսկ արդարները առատորեն լցվեն զվարթությամբ,
Աստծո առաջ ցնծան ուրախությամբ:
 
5Երգեցեք Աստծուն, շարականներ երգեցեք Նրա Անվանը,
բացեք ճանապարհը Նրա առաջ, ով հառաջանում է անապատում,
ցնծացեք Նրա համար. Նրա Անունը Տեր է:
 
6Հայր որբերի և պաշտպան այրիների,
Աստված բնակվում է Իր Սրբության վայրում.
7տուն է պարգևում Աստված միայնակյացներին,
արգելափակվածներին դուրս է հանում բանտից,
միայն ապստամբներն են չոր երկրում մնում:
 
8Երբ դուրս էիր գալիս Քո ժողովրդի առաջ,
երբ հառաջանում էիր անապատում, ո՜վ Աստված.
9դողաց երկիրը, խռովվեց երկինքը,
Աստծո առաջ, Սինայի Աստծո,
Աստծո առաջ, Իսրայելի Աստծո:
 
10Պարգևների անձրև էիր հեղում, Աստված,
կազդուրելով Քո ժառանգությունը, որ նվաղում էր.
11Քո ժողովուրդը մի օթևան գտավ, Աստված,
Քո կողմից պատրաստված՝ ի սեր աղքատի:
 
***
 
12Տերը բարի լուր է տալիս,
բազմաթիվ են շարքերը ավետարանիչների.
13«Թագավորներն ու բանակները փախչում են, փախչում,
բանակատեղում բաժանվում է ավարը:
 
14Ինչո՞ւ եք դուք հանգստանալու մնում,
երբ Աղավնին արծաթապատում է Իր թևերը
և Նրա փետուրները ծածկվում են ոսկով.
15երբ Հզորը ցիրուցան է անում թագավորներին
և ձյուն է տեղում խավար լեռան վրա»:
 
16Բարձր լեռը Աստծո՞ լեռն է,
բարձր լեռը մի հպարտ լեռ է.
17ինչո՞ւ եք նախանձում, ո՜վ հպարտ լեռներ,
Աստծուց որպես օթևան ընտրված լեռանը,
ուր Տերը բնակվելու է հավետ:
 
18Աստծո զորությունները հազարավոր են ու բյուրապատիկ,
Տերը Սինայից գալիս է Իր Սրբավայր.
19բարձրացար վերև, տանելով գերիներ,
մարդկանցից ստացար պարգևներ.
պարգևներ ստացար նաև ապստամբներից
և հաստատեցիր բնակավայրդ, Տեր Աստված:
 
20Հավետ օրհնյալ է Տեր Աստված,
Նա մեզ բերում է փրկությունը.
21Աստված մեր համար փրկող Աստված է,
Տեր Աստված իշխանություն ունի մահվան վրա.
22բայց Աստված ջախջախում է Իր թշնամիների գլուխները,
գոռոզ գլուխը, որ ապրում է ոճիրի մեջ:
 
23Ասում է Տերը. «Նրանց ետ կդարձնեմ բարձունքներից,
նրանց ետ կդարձնեմ ծովի անդունդներից.
24որպեսզի ոտքերդ նրանց արյան մեջ լվաս
և քո շները լափեն թշնամիներին»:
 
***
 
25Ո՜վ Աստված, ահա երևում է Քո շքախումբը,
Թագավորի՝ իմ Աստծո շքախումբը Սրբավայրում է.
26առջևում՝ երգիչները, ետևում՝ կիթառահարները,
պատանի աղջիկների միջև, որ հնչեցնում են թմբուկները:
 
27Հավաքույթում օրհնեցեք Աստծուն,
Տերը Իսրայելի աղբյուրն է.
28այնտեղ է Բենիամինը, ամենափոքրը, որ առաջնորդում է նրանց,
Հուդայի գլխավորներին ու նրանց բանակներին,
Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխաններին:
 
29Ո՜վ Աստված, զորությանդ նշաններ տուր,
հաստատիր, ո՜վ Աստված, այն ամենը, որ արել ես մեր համար.
30տաճարիդ համար, Երուսաղեմում,
Քեզ թագավորներն ընծաներ կբերեն:
 
31Սանձիր գազանին, որ հարձակվում է,
ավազակախմբին, որ տիրում է ժողովուրդների վրա,
որ երկրպագում է արծաթե կուռքերի առաջ.
ցիրուցան արա ժողովուրդներին, որոնք սիրում են պատերազմը,
32և կգան Եգիպտոսի մեծերը,
Եթովպիան իր ձեռքերը կտարածի դեպի Աստված:
 
33Երգեցեք Աստծուն, երկրի թագավորություններ,
օրհնություններ երգեցեք Տիրոջը.
34Նա նժույգին է հեծնում հավիտենական երկնքում,
հնչեցնում է Իր հզոր ձայնը:
 
35Ճանաչեցեք Աստծո ուժը.
Նրա պայծառ փայլը Իսրայելի վրա է,
Նրա զորությունը՝ երկնային բարձունքներում:
 
36Ահավոր է Աստված Իր Սրբավայրում,
Նա է Իսրայելի Աստվածը.
Իր ժողովրդին տալիս է ուժ և զորություն,
թող միշտ օրհնյալ լինի Աստված:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։