Սաղմոս 128 [127] - Կինը. խաղողի պտղառատ այգի – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 128 [127] - Կինը. խաղողի պտղառատ այգի

Այս սաղմոսում արտահայտվում է փափաքը, որ Աստված օրհնի նրանց, ովքեր երկյուղով ու հավատարմությամբ ծառայում են Իրեն: Մի բարգավաճ ընտանիք. ահա՛ երջանկությունը, որն Աստված այս երկրի վրա պարգևում է արդարին. գեթ այսպես էին մտածում անցյալի իմաստունները (Առկ 3, 33): Սաղմոսերգուն հաստատում է, որ աստվածային օրհնությունը հասնում է առօրյա կյանքի իրողություններին. աշխատանք, ընտանիք, բարգավաճ ու խաղաղ քաղաքում ապրված հանդարտ կյանք:
Եկեղեցու Հայրերն այս սաղմոսում հիշատակված պտղառատ մոր կերպարում տեսել են այլաբանական պատկերը Եկեղեցու, որն իր որդիներին կերակրում է Ամենասուրբ Հաղորդության սեղանից:
 

 
Կցորդ.  
Ես ասում եմ. այս խորհուրդը մեծ է,
վերաբերվում է Քրիստոսին և Եկեղեցուն (հմմտ. Եփս 5, 32):
կամ.  
Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը,
իր փեսայի համար զարդարված հարսի նման պատրաստ (հմմտ. Հյտ 21, 2):
կամ.   Դուք, եղբայրներ, Իսահակի նման՝ խոստման զավակներ եք (Գղտ 4, 28):
կամ.   Ձեր պատիվը ձեր ձեռքերով աշխատելու մեջ տեսեք (հմմտ. 1Թղ 4, 11):
 

 
1Աստիճանների երգ:
 
Երանելի է մարդը, որ երկնչում է Տիրոջից
և ընթանում է Նրա ճանապարհներով.
2դու կապրես քո ձեռքերի աշխատանքով,
երանելի կլինես և բարիքի մեջ:
 
3Քո կինը, տանդ ներսում,
նման է խաղողի պտղառատ այգու.
որդիներդ, սեղանիդ շուրջը,
ձիթենու ծառերի պես են.
4ահա՛, այսպես է օրհնվում նա,
ով երկնչում է Տիրոջից:
 
5Տերը թող օրհնի քեզ Սիոնից.
թող որ դու կարողանաս տեսնել Երուսաղեմի բարօրությունը
կյանքիդ բոլոր օրերում.
6թող որ դու կարողանաս տեսնել քո որդիների որդիներին:
 
Թող խաղաղություն լինի Իսրայելի վրա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։