Սաղմոս 55 [54] - Կա մեկը, որ խզել է Ուխտը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 55 [54] - Կա մեկը, որ խզել է Ուխտը

Սաղմոսերգուն, բարեպաշտ ու զգայուն, ներկայացնում է իր անսահման վիշտը, նկարագրելով իր սրտի տառապանքը, որովհետև մեկն է, որին հանիրավի զրպարտում են, մեկն է, որ տրտմում է տեսնելով Սուրբ Քաղաքում տիրող ապականությունը, մեկն է, որին դավաճանել ու լքել է իր լավագույն ընկերը: Ա՜հ, երանի՜ թե կարողանար փախչել իրեն շրջապատող այդ թշվառ կացությունից: Կարդալով այս սաղմոսը, մեր աչքերի առջև ուրվագծվում է Երեմիա Մարգարեի պատկերը, որին հալածում էին իր հակառակորդները (Եր 4, 19; 5, 1; 6, 6; 9, 1.3.7), և Հիսուսը, վշտակրությունների մարդը, որին դավաճանեց Իր մտերիմներից մեկը (Մտթ 26, 21-23):
Այս սաղմոսը կարող է մեր աղոթքը դառնալ այն օրերում, երբ մեզ մի տեսակ կոտրված ենք զգում կյանքում պատահող պայքարներից, մարդկանց և դեպքերի հարուցած հակառակություններից: Այդպիսի դեպքերում թերևս կուզենայինք խուսափել և փախչել մեր մարդկային գոյավիճակից, ապաստան գտնել ինչ որ մի անկյունում, բոլորից հեռու, ոչ մեկի երեսը չտեսնելու համար: Բայց միմիայն Աստծո ներկայությունը կարող է ազատել սեփական տառապանքի ճիրաններում բանտարկված սիրտն ու հոգին:
 

 
Կցորդ.  
Հիսուսը սկսեց վախ ու տրտմություն զգալ և ասաց.
«Հոգիս տխուր է մահու չափ» (հմմտ. Մրկ 14, 33-34):
կամ.  
Հիսուսը խռովվեց հոգով և ասաց.
«Ձեզնից մեկը ինձ մատնելու է» (հմմտ. Հվհ 13, 21):
կամ.  
Եղբայրը եղբորը մահվան է մատնելու
և բոլորի կողմից ատվելու եք իմ Անվան պատճառով (հմմտ. Մրկ 13, 12-13):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Լարային գործիքների վրա:
Մասքիլ: Դավթի:
 
2Լսիր, ո՜վ Աստված, աղոթքս,
մի՛ անտեսիր իմ աղաչանքը.
3ուշադրություն դարձրու վրաս և պատասխանիր ինձ,
տխուր եմ, անձկությամբ լի:
 
4Խռովվել եմ թշնամու աղաղակից,
չարագործի նախատինքներից.
ամեն ոճիր բարդում են վրաս,
բարկությամբ մեղադրում են ինձ:
 
5Սիրտս գալարվում է ներսումս,
մահվան սարսափն է վրաս հարձակվում.
6երկյուղն ու վախը ներթափանցում են իմ մեջ,
զարհուրանքը պատում է անձս:
 
7Ասում եմ ինքս ինձ. «Ո՞վ կտա ինձ աղավնու թևեր,
կթռչեի ինձ ապաստան գտնելու.
8կփախնեի հեռու, հեռո՜ւ,
անապատում կհաստատեի բնակությունս.
9աճապարանքով կհասնեի մի ապաստանի,
կթաքնվեի փոթորկալի քամուց»:
 
10Շփոթություն դիր նրանց խոսվածքի մեջ,
ցիրուցան արա նրանց, Տեր.
միայն բռնություն ու անհամաձայնություններ եմ տեսնում
քաղաքի սրտում.
11դրանք օր ու գիշեր չափում անցնում են
քաղաքի բոլոր պարիսպները:
 
Նրանում՝ ոճիր ու անարդարություն,
12նրա ծոցում՝ ավեր ու կործանում.
այլևս չեն լքում նրա փողոցները
իշխանության զեղծումն ու խաբեությունը:
 
13Եթե թշնամի մեկը լիներ ինձ նախատողը,
կկարողանայի կրել.
եթե ոսոխը դուրս գար իմ դեմ,
կկարողանայի թաքնվել:
 
14Բայց դու ես, մարդ, իմ ընկերը,
իմ մտերիմն ու խորհրդակիցը.
15մի սերտ մտերմություն միացնում էր մեզ,
ճաշակում էինք նրա քաղցրությունը.
միասին համաձայն ընթանում էինք
Աստծո օթևանների ներսում:
 
16Թող անակնկալ մահը հանկարծակիի բերի նրանց,
ողջ ողջ թող իջնեն դժոխք.
քանի որ չարիքը նրանց տներում է,
լիուլի լցնում է նրանց ծոցը:
 
***
 
17Իսկ ես աղաղակում եմ իմ Աստծուն,
Տերը փրկում է ինձ.
18երեկոյան, առավոտյան, կեսօրին,
ես հառաչում եմ ու լալիս:
 
Նա լսում է իմ աղոթքը,
19վերստին խաղաղություն է պարգևում ինձ.
ազատում է ինձ նրանցից, ովքեր մարտնչում են իմ դեմ,
իմ բոլոր թշնամիներից:
 
20Այո՛, Աստված լսում է և պատասխանում,
Նա, որ թագավորում է հավետ.
քանի որ նրանց հոգիներում չկա դարձ,
Աստծուց չեն երկնչում:
 
21Կա մեկը, որ իր ձեռքը տարածել է ընկերոջ դեմ,
խզել է Ուխտը.
22ցույց է տվել խաբեական մի դեմք,
բայց իր սիրտը պատերազմ էր.
նրա խոսքերը զմայլելի էին, անուշահոտ բուրմունքից ավելի,
բայց դաշույններ էին:
 
23Հոգսդ Տիրոջը հանձնիր
և Նա քեզ թիկունք կկանգնի.
Նա երբեք չի կարող թույլատրել
արդարի անկումը:
 
24Դու, ո՜վ Աստված, նրանց գերեզման կիջեցնես,
արյունահեղներին ու խաբեբաներին.
իրենց օրերի կեսին չեն հասնի,
բայց ես վստահում եմ Քեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։