Թագավորական սաղմոսները – Գրադարան – Mashtoz.org

Թագավորական սաղմոսները

Սաղմոսարանի տարբեր մասերում ցրված են գրական տարբեր կերպերի պատկանող մի խումբ տաղեր, որոնք կոչվում են «թագավորական» սաղմոսներ: Դրանց թվին են պատկանում թագավորին ի նպաստ արտասանված պատգամախոսություններ (2, 110), թագավորի համար կատարված աղոթքներ (20, 61, 72), երախտագիտության մատուցում թագավորի համար (21), թագավորի կողմից կատարված աղոթքներ (18, 28, 63, 101), արքայական թափորի մի երգ (132), թագավորական մի օրհներգ (144) և մինչև իսկ թագավորական ամուսնության առիթով շարադրված մի հարսներգ (45): Խոսքը վերաբերվում է հինավուրց բանաստեղծությունների, որոնք շարադրվել են թագավորական դարաշրջանում և իրենց բովանդակության մեջ արտացոլում են պալատական բառապաշարն ու արարողակարգը: Իրենց սկզբնական շարադրանքում թվում է, թե խոսում են իրենց ժամանակվա թագավորների մասին: 2րդ, 72րդ և 110րդ սաղմոսները հնարավոր է, որ եղել են թագադրման արարողության ընթացքում գործածված սաղմոսներ: Նրանցում թագավորն անվանվում է Աստծո որդեգիր, նրա թագավորությունն անվախճան է լինելու, նրա զորությունը տարածվելու է մինչև աշխարհի ծայրերը, նա հաղթանակել է տալու զորությանն ու արդարությանը, նա լինելու է իր ժողովրդի փրկիչը: Այս և նմանատիպ արտահայտությունները մեզ կարող են չափազանցված թվալ, բայց հին ժամանակներում սովորաբար դրանք էին մաղթանքները, որոնք հարևան ժողովուրդներն ուղղում էին իրենց թագավորներին և որոնք Իսրայելը հուսով էր, որ կիրականանային իր արքայատոհմի համար:
Իսրայելում, սակայն, թագավորն օծում էր ստանում, որով նա դառնում էր Յահվեի հպատակը, Նրա ներկայացուցիչը երկրի վրա: Նա Յահվեի օծյալն էր, որն եբրայեցերեն ասվում է «Մեսիա», և Աստծո հետ կնքված կրոնական այս հարաբերությունն ու դաշինքը բնորոշ հատկանիշն են թագավորության գաղափարի հինկտակարանյան ընկալման, որով այն էապես տարբերվում է Եգիպտոսում կամ Միջագետքում տեղ գտած հասկացողություններից, թեև բոլորն էլ գործածում են միևնույն ընդհանուր բառապաշարն ու եզրաբանությունը: «Թագավորական մեսիանականությունը», որը սկիզբ է առնում Նաթանի մարգարեությամբ (2Սմ 7), կրկին վերցվում և զարգացվում է 89րդ և 132րդ, և է՛լ ավելի՝ 2րդ, 72րդ և 110րդ սաղմոսներում: Այս սաղմոսները սնուցում էին ժողովրդի հույսը այն խոստումների հանդեպ, որոնք Աստված տվել էր Դավթի ազգատոհմին: Եթե «մեսիանականություն» ասելով հասկանում ենք սպասումը մի ապագա թագավորի, մի վերջին թագավորի, որը կարող է բերել և պարգևել վերջնական փրկությունը և երկրի վրա հաստատել Աստծո թագավորությունը, այս սաղմոսներից ոչ մեկն այս իմաստով «մեսիանական» չէ: Բայց թագավորական այս հնամենի տաղերից ոմանք շարունակել են գործածվել նաև թագավորական վարչակարգի անկումից հետո և Սաղմոսարանի կազմում ներառնվելով, թերևս որոշակի հպումներով կամ հավելումներով, շարունակել են սնուցել Դավթի սերնդից ծնված անհատական Մեսիայի սպասումը: Այդ հույսը հրեաների սրտում դեռ վառ էր Քրիստոսի գալստյան նախօրեին: Քրիստոնյաներն, ապա, այդ հույսի իրականացումը տեսան հանձինս Հիսուս Նազովրեցու, որն էլ հենց անվանվեց Քրիստոս, որն հունարեն նշանակում է օծյալ, ինչպես Մեսիան եբրայեցերենում:
110րդ սաղմոսը դառնալու էր Սաղմոսարանի այն հատվածը, որն ամենահաճախակին է մեջբերվում Նոր Կտակարանում: 45րդ սաղմոսի հարսներգը նույնպես մարգարեական պատկերներով ներկայացնում է Մեսիայի միությունը նոր Իսրայելի հետ (այսինքն՝ Հիսուս Քրիստոսի միությունն Իր Եկեղեցու հետ), հետևելով մարգարեական գրություններում ներկա ամուսնական այլաբանություններին. այդ իմաստով էլ Պողոս Առաքյալի կողմից վերագրվում է Հիսուսին (Եբր 1, 8): Միևնույն ընկալմամբ և իմացությամբ, Նոր Կտակարանն ու քրիստոնեական ավանդությունը Քրիստոսի անձին են կապակցում ուրիշ սաղմոսներ ևս, որոնք թեև թագավորական սաղմոսներ չեն բուն իմաստով, բայց ինչ որ կերպ արտահայտում են գալիք Մեսիայի՝ արդարների Արդարի կարգավիճակն ու զգացմունքները: Այդպիսիք են 16րդ և 22րդ սաղմոսները, և որոշ հատվածներ բազմաթիվ սաղմոսներից, ի մասնավորի՝ 8, 35, 40, 41, 68, 69, 97, 102, 118 և 119 սաղմոսներից: Նմանապես, Յահվեի Արքայության սաղմոսները ևս կապակցվել են Քրիստոսի Արքայության հետ: Թեև այս կապակցումներն անցնում են սաղմոսների տառացի բուն իմաստից անդին, այդուամենայնիվ պահպանում են իրենց օրինավորությունը, քանի որ Սաղմոսարանը ոգեշնչող բոլոր հույսերը լիուլի իրականացել են միմիայն Աստծո Որդու գալստյամբ երկիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։