Սաղմոս 127 [126] - Որդիները Տիրոջ պարգևն են – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 127 [126] - Որդիները Տիրոջ պարգևն են

Այս սաղմոսը մեծ իմաստությամբ հիշեցնում է խանդավառված հրեաներին, որ Սուրբ Քաղաքի ու Տաճարի վերակառուցումը (Նեեմ 4, 10-17) արդյունքն է Տիրոջ շնորհի, որը Նա պարգևում է Իր մտերիմներին, և ո՛չ թե կախումնավոր է վերջիններիս ջանքերից (2Օր 6, 12; 8, 17-18): Առանց Աստծո օգնության, մարդկային նախաձեռնությունները դատապարտված են ձախողման. ինչո՞ւ, ուրեմն, սրտնեղվել ու մտատանջվել չափից ավելի: Նրա նախախնամությունը հսկում է մեր վրա (Մտթ 6, 25-34; Հվհ 15, 5): Սա է Հին և Նոր Կտակարանների մնայուն ուսուցումը:
Մենք այսօր ավելի լավ գիտենք, որ գոյություն ունեն բնական օրենքներ, և բնության Արարիչը թողնում է, որ դրանք հետևեն իրենց ընթացքին. արդյոք չպե՞տք է հաշվի առնենք դրանք մեր կյանքում, Արարչի հետ համագործակցելու համար: Եվ արդյոք չե՞նք հետապնդում չափազանցված ծրագրեր: Իսկ եթե գործերի ու ծրագրերի պատճառով ինքներս մեզ անդադար պատեպատ խփելը զրկի՞ մեզ կյանքի լավագույն ուրախությունների համից, ինչպիսիք են, օրինակի համար, ընտանեկան կապերը:
 

 
Կցորդ.  
Որևիցէ մի բան կառուցված է որևիցէ մեկի կողմից,
բայց Աստված Ինքն է, որ ստեղծել է ամեն բան (Եբր 3, 4):
կամ.  
Ո՛չ ով տնկում է, ո՛չ էլ ով ջրում է, իրենից ինչ որ մի բան է ներկայացնում,
այլ՝ Աստված, որ աճեցնում է (հմմտ. 1Կր 3, 7):
կամ.   Ամեն բարի պարգև գալիս է ի վերուստ և իջնում է լույսի Հորից (հմմտ. Հկբ 1, 17):
կամ.  
Լինի՛ թե արթուն ենք, լինի՛ թե քնած ենք,
մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի հետ (հմմտ. 1Թղ 5, 10):
կամ.   Մարդը չի կարող վերցնել ոչինչ, եթե նրան դա երկնքից տրված չէ (Հվհ 3, 27):
կամ.  
Ով մնում է ինձնում, շատ պտուղ է բերում.
ոչինչ չեք կարող անել առանց ինձ (հմմտ. Հվհ 15, 5):

 


 
1Աստիճանների երգ: Սողոմոնի:
 
Եթե Տերը չի կառուցում տունը,
իզուր են հոգնում շինարարները.
եթե Տերը չի պահպանում քաղաքը,
իզուր է հսկում պահակը:
 
2Իզուր եք առավոտյան շուտ արթնանում,
երեկոյան ուշացնում ձեր հանգիստը,
հոգնությամբ վաստակված հաց ուտելու համար.
Տերն այն պարգևում է Իր մտերիմին, երբ վերջինս ննջում է:
 
3Ահա՛ որդիները. Տիրոջ սեփականությունն են,
որովայնի պտուղը. Նրա պարգևն է:
4Ինչպես նիզակները հզորի ձեռքում,
այնպես են երիտասարդ տարիքում ունեցած որդիները:
 
5Երանելի է այն մարդը, որ նրանցով լի ունի իր կապարճը.
եթե իր թշնամիների առջև դուրս է գալիս դռան սեմին,
չի ենթարկվի ստորացած մնալու վտանգին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։