Սաղմոս 30 [29] - Դժոխքից դուրս հանեցիր իմ կյանքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 30 [29] - Դժոխքից դուրս հանեցիր իմ կյանքը

Մահացու վտանգի հիշատակը, որից ազատվել է (հիվանդություն կամ հալածանք), սաղմոսերգուին մղում է գովաբանելու Աստծուն և ուրիշներին ևս նմանապես վարվելու կոչ ուղղելու:
Սաղմոսի խոսքերն առավել հստակ են դառնում հարուցյալ Հիսուսի շուրթերի վրա: Եկեղեցական ավանդությունն առաջարկում է այս սաղմոսն աղոթել զատկական հսկումի ընթացքում: Սաղմոսերգուի խոսքերը կօգնեն մեզ չշփոթվել ու չխռովվել նեղությունների ժամանակ: Գիտենք, իրոք, որ հարությունն անցնում է մահվան միջով: Տառապանքի մեջ, որը մեր կյանքում խառնվում է ուրախությանը, կանչված ենք մի առիթ տեսնելու՝ աճելու համար հավատքի մեջ:
 

 
Կցորդ.  
Ես մեռած էի, բայց այժմ ապրում եմ հավետ,
և ունեմ մահվան և դժոխքի բանալիները (հմմտ. Հյտ 1, 18):
կամ.  
Աստված Ինքը, կարճատև տառապանքից հետո,
կհաստատի ձեզ, կզորացնի և անսասան կդարձնի ձեզ (հմմտ. 1Պտ 5, 10):
կամ.   Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կապրի (Հվհ 11, 25):
կամ.  
Դուք արտասվելու եք, իսկ աշխարհն՝ ուրախանալու.
բայց ձեր վիշտը փոխվելու է ցնծության (հմմտ. Հվհ 16, 20):
կամ.  
Հիսուսը նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը,
և աշակերտներն ուրախացան՝ տեսնելով Տիրոջը (հմմտ. Հվհ 20, 20):

 


 
1Սաղմոս: Տաճարի ընծայման տոնի երգ: Դավթի:
 
2Մեծարում եմ Քեզ, Տեր, կրկին ոտքի կանգնեցրիր ինձ,
չթույլատրեցիր, որ ցնծան թշնամիներս.
3երբ դեպի Քեզ աղաղակեցի, Տեր,
Դու բժշկեցիր ինձ, Աստված իմ և Տեր.
4դժոխքից դուրս հանեցիր իմ կյանքը,
ինձ կրկին կյանք շնորհեցիր, գերեզման իջածների մեջ:
 
5Օրհնություններ երգեցեք Տիրոջը, Նրա հավատացյալներ,
երախտագիտություն մատուցեք՝ հիշելով Իր սուրբ Անունը.
6Նրա բարկությունը մի պահ է տևում,
Նրա սերը տևում է ամբողջ կյանքով մեկ.
եթե երեկոյան հյուր է եկել վիշտը,
առավոտյան պոռթկում է ուրախությունը:
 
7Ասում էի բարօրությանս օրերում.
«Ոչինչ ինձ չի սասանի»,
8որովհետև բարյացակամությանդ համաձայն, Տեր,
լեռան նման հաստատուն էիր դարձրել ինձ.
բայց երբ թաքցրեցիր ինձնից երեսդ,
սարսափը տիրեց ինձ:
 
9Դեպի Քեզ աղաղակեցի, Տեր,
իմ Տիրոջից խնդրեցի ողորմություն.
10«Քո համար ի՞նչ օգուտ ունի իմ մահը,
եթե ես իջնեմ փոսի մեջ.
 
մի՞թե փոշին կարող է շնորհակալ լինել Քեզ,
մի՞թե կարող է պատմել հավատարմությունդ.
11ունկն դիր, Տեր, ողորմիր ինձ,
Տեր, օգնության հասիր ինձ»:
 
12Դու իմ ողբը պարի փոխեցիր,
սուգի զգեստս՝ տոնական հանդերձանքի.
13այս իսկ պատճառով, ներաշխարհս լուռ չի մնում և երգում է Քեզ,
Տեր Աստված իմ, հավիտյան շնորհակալ եմ լինելու Քեզ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։