Սաղմոս 137 [136] - Երուսաղեմն է իմ ամենամեծ ուրախությունը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 137 [136] - Երուսաղեմն է իմ ամենամեծ ուրախությունը

Հավանական է, որ այս սաղմոսը երգում էին Տաճարի կործանված պարիսպների մոտ, Երուսաղեմի գրավման տարելիցի օրը: Սաղմոսի սիրտն է կազմում հավատարմության կորովի հայտարարությունը: Օտար երկրում աքսորի ժամանակ Երուսաղեմի հիշատակը կենդանի պահելը և հեթանոսների առաջ կրոնական շարականներն երգելուց հրաժարվելը դիրքորոշումներ են, որոնք արտահայտում են ժողովրդի հավատարմությունն իր Տիրոջը (հին քաղաքակրթություններում, հաղթվածներին ստիպելը երգել իրենց սրբազան երգերը հավասարազոր էր հաստատելու նրանց աստվածների պարտությունը):
Մոռանալ Երուսաղեմը նշանակում է կորցնել Աստծո զգացողությունը, մինչդեռ հիշել Սուրբ Քաղաքը նշանակում է հավատարիմ մնալ Յահվեի պաշտամունքին: «Մի՛ մոռացիր», «հիշիր». այս երկու բառերն առանցքային են Երկրորդումն Օրինաց գրքում (2Օր 6, 12; 7, 19):
Սաղմոսի վերջին մասը մի բուռն ու դաժան անեծք է նրանց դեմ, ովքեր Տաճարի կործանման ու Երուսաղեմի թալանման գլխավոր դերակատարներն էին հանդիսացել. եդոմացիներն ու ասորեստանցիները: Մենք՝ քրիստոնյաներս, սակայն, այդ կերպարներում պետք է սոսկ խորհրդապատկերներ տեսնենք, որոնք մարմնավորում են անաստվածությունն ու չարիքը, և այդ տողերն ընթերցելիս այդ խոսքերն ուղղենք միմիայն մեղքի ու մեղանչական ուժերի դեմ: Այլաբանական այս իմաստն է ներկայացնում նաև Հայտնության գիրքը (Հյտ 17, 5; 18, 2):
Իսկ ինչ վերաբերվում է մարդկային թշնամիներին, Հիսուսը եկել է, որպեսզի մարդիկ սովորեն հաղթահարել վրիժառության հաճույքը: Իր կյանքով և Իր ուսուցումներով Նա մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի մի առավել մեծ ուրախություն. թշնամիներին ներելու և նրանց համար աղոթելու ուրախությունը (Մտթ 5, 44; Ղկս 23, 34; Հռմ 12, 19-21):
 

 
Կցորդ.   Քանի դեռ ապրում ենք մարմնում, աքսորի մեջ ենք, Տիրոջից հեռու (2Կր 5, 6):
կամ.  
Աստված հիշեց մեծ Բաբելոնին,
նրան տալու համար Իր ցասման գինու գավաթը (հմմտ. Հյտ 16, 19):
կամ.  
Դուրս եկ, ժողովուրդ իմ, Բաբելոնից.
մի՛ մասնակցիր նրա մեղքերին (հմմտ. Հյտ 18, 4):
կամ.  
Վա՜յ քեզ, Բաբելոն, վիթխարի քաղաք,
մի ժամում միայն հասել է քո դատաստանը (հմմտ. Հյտ 18, 10):
կամ.  
Պատճառը, որի համար աշխարհը մեզ չի ճանաչում,
այն է, որ չի ճանաչել Աստծուն (հմմտ. 1Հվհ 3, 1):

 


 
1Բաբելոնի գետերի երկայնքին
նստում էինք ու լալիս,
հիշելով Սիոնը.
2այդ երկրի ուռենիների ճյուղերին
կախել էինք մեր տավիղները:
 
3Տեղահանողները պահանջում էին երգի խոսքեր,
մեր դաժան գերեվարողները՝ մեղեդիներ.
«Երգեցեք մեր համար Սիոնի մի երգ»:
 
4Ինչպե՞ս կարող էինք Տիրոջ երգերը
երգել օտար երկրում.
5եթե մոռանամ քեզ, Երուսաղեմ,
թող մոռանա ինձ իմ աջը:
 
6Թող լեզուս քիմքիս կպչի,
եթե կորցնեմ քո հիշատակը,
եթե Երուսաղեմը չհամարեմ
իմ ամենամեծ ուրախությունը:
 
7Հիշիր, Տեր, Եդոմի որդիներին,
երբ հասնի Երուսաղեմի օրը.
նրանք աղաղակում էին. «Կործանեցեք այն,
կործանեցեք այն հիմքից»:
 
8Կործանարար Բաբելոն,
երանի՜ նրան, ով կհատուցի քեզ
չարիքը, որ արեցիր մեզ.
9երանի՜ նրան, ով կբռնի քո մանուկներին
ու նրանց կջախջախի՝ խփելով քարին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։