Սաղմոս 148 - Գովեցեք Տիրոջը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 148 - Գովեցեք Տիրոջը

Լիակատար և տիեզերական փառաբանության եղանակումը լսելու փափաքից մղված, Սաղմոսերգուն նախևառաջ դիմում է երկնքում և երկրի վրա բնակվող բոլոր կենդանի էակներին և Աստծո ամբողջ արարչությանը, ապա խոսքն ուղղում է բոլոր տարիքներին, բոլոր ժողովուրդներին և հասարակական բոլոր դասակարգերին պատկանող մարդկանց, բոլորին կոչ անելով միավորվել Արարչին փառաբանող մի անծայրածիր երգչախմբի մեջ: Ինչպիսի՜ հզոր համանվագ է սա: Ինչպե՞ս կարող ենք մենք նույնպես չպատասխանել Սաղմոսերգուի կոչին:
 

 
Կցորդ.  
Մենք նախապես ընտրվել ենք ի Քրիստոս,
Իր փառքի գովքը լինելու համար (հմմտ. Եփս 1, 11-12):
կամ.  
Ժողովուրդները փառավորում են Աստծուն
Իր ողորմության համար (հմմտ. Հռմ 15, 9):
կամ.  
Փա՜ռք Աստծուն երկնքի ամենավերին բարձունքում,
և երկրի վրա խաղաղությո՜ւն մարդկանց, որոնց Նա սիրում է (Ղկս 2, 14):
կամ.  
Ընծայենք Աստծուն գովաբանության զոհ,
պտուղը շուրթերի, որ դավանում են Իր Անունը (հմմտ. Եբր 13, 15):
կամ.  
Գովեցեք մեր Աստծուն, դուք՝ Նրա բոլոր ծառաներ,
դուք, որ երկնչում եք Նրանից, փոքրեր և մեծեր (Հյտ 19, 5):
կամ.  
Մի վիթխարի ամբոխ երկնքում աղաղակում էր.
«Ալելուիա: Փրկությո՜ւն, փա՜ռք և զորությո՜ւն մեր Աստծուն» (Հյտ 19, 1):
կամ.  
Ո՜վ երկինքներ, ուրախ եղեք.
նաև դուք՝ սրբեր, առաքյալներ և մարգարեներ (հմմտ. Հյտ 18, 20):

 


 
1Ալելուիա:
 
Գովեցեք Տիրոջը երկնքից,
գովեցեք Նրան երկնային բարձունքում.
2գովեցեք Նրան, դուք բոլորդ՝ Նրա հրեշտակներ,
գովեցեք Նրան, դուք բոլորդ՝ Նրա զորքեր:
 
3Գովեցեք Նրան, արև և լուսին,
գովեցեք Նրան, լուսափայլ աստղեր.
4գովեցեք Նրան, երկնքի երկինքներ,
դուք՝ երկնքի վերևում գտնվող ջրեր:
 
5Թող գովեն Տիրոջ Անունը,
Նրա հրամանով են ստեղծվել.
6նրանց հաստատել է հավիտյանս ընդմիշտ,
անհետսկոչելի կարգուկանոն է տվել:
 
7Գովեցեք Տիրոջը երկրից,
դուք՝ ծովային հրեշներ և բոլոր անդունդներ.
8կրակ և կարկուտ, ձյուն և մշուշ,
դուք՝ քամիներ, որ կատարում եք Նրա խոսքը:
 
9Դուք՝ լեռներ և բլուրներ բոլոր,
պտղատու ծառեր և բոլոր մայրիները.
10դուք՝ կենդանիներ և վայրի գազաններ,
սողուններ և թևավոր թռչուններ:
 
11Թագավորներ և բոլոր ժողովուրդներ,
դուք՝ իշխաններ և երկրի դատավորներ.
12դուք՝ երիտասարդներ, պարմանուհիների հետ,
դուք՝ տարեցներ, մանուկներով հանդերձ:
 
13Գովեցեք Տիրոջ Անունը,
Նրա Անունն է միայն վեհապանծ,
երկրի վրա և երկնքում է Նրա փառքը.
14Նա բարձրացնում է Իր ժողովրդի զորությունը,
Նա գովքն է բոլոր հավատացյալների,
Իսրայելի՝ ժողովրդի, որ մերձ է Իրեն:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։