Սաղմոս 85 [84] - Փառքը բնակվելու է մեր երկրում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 85 [84] - Փառքը բնակվելու է մեր երկրում

Աստված ողորմությամբ ու գթասրտությամբ վարվեց Հին Ուխտի ժողովրդի հետ, նրանց աքսորից հայրենիք վերադարձնելով (Ք.ա. 538թ.): Բայց վերադարձողները դժվարությունների են հանդիպում Հուդայի երկրում կրկին հաստատվելու ճանապարհին: «Դու մեզ ետ վերադարձրեցիր աքսորից, ետ վերադարձրու մեզ նաև կյանքի»: Ողբը դառնում է հույս. Մարգարեներն արդեն կանխավ ավետել էին լավագույն ժամանակներ (Ես 58, 8; Զաք 8, 12): Այժմ վերակառուցվում է Երուսաղեմի Տաճարը (Ք.ա. 520-515թթ.), որը տեսանելի նշանն է լինելու Աստծո ներկայության, «փառքի» (Եզկ 43, 2): Նրանց, ովքեր հավատարիմ կմնան, խոստացված է երջանկությունը:
Հանձինս Հիսուսի, Աստծո Որդու, խոստումները դառնում են իրականություն (Հվհ 14, 27; Կղս 1, 20): Արդարությունն ու խաղաղությունը, ողորմությունն ու ճշմարտությունը միաձուլվում են Հիսուսի անձում. Նրանում «հայտնվեց Աստծո շնորհը, որը փրկություն է պարգևում բոլոր մարդկանց» (Տիտ 2, 11):
 

 
Կցորդ.  
Երբ հասավ ժամանակների լրումը,
Աստված առաքեց Իր Որդուն, որ ծնվեց կնոջից (Գղտ 4, 4):
կամ.  
Քրիստոսն իր մարմնում կրեց մեր մեղքերը,
որպեսզի մենք ապրեինք արդարության համար (հմմտ. 1Պտ 2, 24):
կամ.  
Օրենքը մեզ տրվեց Մովսեսի կողմից,
իսկ շնորհն ու ճշմարտությունը՝ Հիսուս Քրիստոսի (հմմտ. Հվհ 1, 17):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Կորխի որդիների: Սաղմոս:
 
2Դու, Տեր, մշտապես սիրում ես Քո երկիրը,
վերադարձնում ես Հակոբի աքսորվածներին.
3Դու կրում ես Քո ժողովրդի մեղքը,
ջնջում ես նրա ամբողջ հանցանքը.
4ետ ես քաշում Քո ամբողջ ցասումը,
դադարեցնում ես բուռն բարկությունդ:
 
5Դեպի մեզ վերադարձիր, Աստված, փրկություն մեր,
և խաղաղեցրու մեր դեմ ունեցած զայրույթդ.
6միշտ բարկացա՞ծ ես լինելու մեր դեմ,
ընդմի՞շտ մնալու ես զայրացած:
 
7Մի՞թե չես վերադառնալու՝ կրկին տալու համար մեզ կյանք,
այլևս չի՞ ուրախանալու Քեզնով Քո ժողովուրդը.
8ցույց տուր մեզ Քո սերը, Տեր,
և պարգևիր մեզ Քո փրկությունը:
 
9Ես լսում եմ Աստծո խոսքը.
Տերն ավետարանում է խաղաղություն
Իր ժողովրդին, Իրեն երկրպագողներին,
եթե չվերադառնան իրենց խենթությանը.
10փրկությունը մոտ է նրան, ով երկնչում է Նրանից,
փառքը բնակվելու է մեր երկրում:
 
11Հանդիպելու են սերն ու ճշմարտությունը,
համբուրվելու են խաղաղությունն ու արդարությունը.
12ճշմարտությունը ծլարձակելու է երկրից,
երկնքից երևալու է արդարությունը:
 
13Հայնժամ Տերը կտա բարությունը,
մեր երկիրը կտա իր պտուղը.
14արդարությունը գնալու է Նրա առջևից,
իր քայլերի հետքերով՝ փրկությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։