Սաղմոս 91 [90] - «Տրտմության մեջ ես նրա հետ եմ լինելու» – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 91 [90] - «Տրտմության մեջ ես նրա հետ եմ լինելու»

Սաղմոսերգուն այստեղ կանգ չի առնում նկարագրելու սեփական երջանկությունը, այլ՝ դիմում է նրանց, ովքեր ապավինում են Ամենակալի պաշտպանությանը: Նրանց դիմում է նրանց վստահեցնելու և խրախուսելու համար, հաստատելով, որ ոչինչ չի կարող չարիք պատճառել նրանց: Հրեշտակները պահապան են նրանց և հավիտենական կյանքի նրանց փափաքը գոհացվելու է:
Ավետարանական պատմության համաձայն, սատանան այս սաղմոսի խոսքերից մի քանիսն է գործածել (11-12) Հիսուսին համոզելու համար, որպեսզի Տաճարի աշտարակից վար նետվելով փորձի Աստծուն (Մտթ 4, 6): Այդպես վարվելով, սատանան փորձում էր խեղաթյուրել սաղմոսի և Աստծո հանդեպ վստահության ճշմարիտ իմաստը. կամենում էր, որ Հիսուսը մի հրաշք պահանջեր, Հայր Աստծուց ստանալու համար Իր պաշտպանության երաշխիքը:
Այս սաղմոսի խոսքերով աղոթելով չենք ստանալու մոգական ազատում կյանքի դժվարություններից ու վտանգներից, այլ՝ սովորելու ենք, թե ի՛նչ է նշանակում վստահել Աստծուն: Յուրաքանչյուր մարդ, դեպի երկինք և դեպի Աստված ուղղված իր ընթացքում, մի պանդուխտ է, ուխտագնաց, ճանապարհորդ: Նրա ընթացքը ոչնչով նման չէ հովվերգական երազի, այլ՝ ենթակա է նաև վտանգների, բայց Տերն ազատում է նրան վախից, նրան առաջնորդելու համար դեպի փրկությունը, դեպի Իր հետ ապրված կյանքը:
Հանդարտ ու անդորր վստահությունը, որով ամբողջովին համակված է այս սաղմոսը, ծնունդ է տվել հնագույն ավանդությանը՝ այն աղոթելու երեկոյան, արևամուտին կամ պառկելուց առաջ:
 

 
Կցորդ.  
Հիսուսը քառասուն օր փորձվեց սատանայից,
մնում էր գազանների հետ և հրեշտակները ծառայում էին իրեն (հմմտ. Մրկ 1, 13):
կամ.   Աստված հավատարիմ է և չի թույլատրի, որ փորձվեք ձեր ուժերից վեր (1Կր 10, 13):
կամ.   Աստված փորձությունների հետ կտա նաև դիմադրելու ուժը (հմմտ. 1Կր 10, 13):
կամ.  
Ձեզ իշխանություն եմ տալիս ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին
և թշնամու բոլոր զորություններին (հմմտ. Ղկս 10, 19):
կամ.  
Հրեշտակներն առաքվում են ծառայելու նրանց,
ովքեր ժառանգելու են փրկությունը (հմմտ. Եբր 1, 14):

 


 
1Դու, որ բնակվում ես Բարձրյալի մտերմությամբ,
գիշերն անցկացնում ես Հզորի հովանու ներքո.
2ասա Տիրոջը. «Ապավեն իմ, ուժ իմ,
իմ Աստված, որի մոտ ես ապահով եմ»:
 
3Կփրկի քեզ որսորդի ցանցից,
մահաբեր ծանր հիվանդությունից.
4Իր թևերով Նա ծածկում է քեզ,
դու ապաստան ես գտնում Իր փետուրների ներքո,
Նրա հավատարմությունը զրահ է ու վահան:
 
5Չես վախենա գիշերվա սարսափներից,
նետից, որ թռչում է ցերեկը.
6ժանտախտից, որ հառաջանում է խավարի մեջ,
պատուհասից, որ հարվածում է կեսօրին:
 
7Հազարներ կընկնեն քո կողքին,
բյուրավորներ կընկնեն քո աջին,
բայց ոչինչ չի կարողանա վնասել քեզ:
 
8Բավական է, որ բացես աչքերդ
և կտեսնես չարագործների հատուցումը.
9այո՛, Տերը քո ապավենն է,
դու Բարձրյալի մեջ ես հաստատել քո բնակությունը:
 
10Դժբախտությունը չի կարող ընկնել քո վրա,
ո՛չ էլ չարիքը՝ մոտենալ քո վրանին.
11քո մասին հրամայել է Իր հրեշտակներին,
որպեսզի պահպանեն քո բոլոր ճանապարհները:
 
12Նրանք կրելու են քեզ իրենց ձեռքերի վրա,
որպեսզի ոտքդ չխփես քարին.
13կանցնես իժերի ու կարիճների վրայով,
ոտնակոխ կանես առյուծին և օձին:
 
14«Ես փրկելու եմ նրան, որովհետև իր անձը վստահել է Ինձ,
Ես փառավորելու եմ նրան, որովհետև ճանաչում է Իմ Անունը.
15նա կանչելու է Ինձ և Ես պատասխանելու եմ նրան,
տրտմության մեջ ես նրա հետ եմ լինելու:
 
Ազատելու եմ նրան և ծածկելու եմ փառքով,
16կյանքի երկար օրերով հագեցնելու եմ նրան,
շնորհելու եմ նրան տեսնել Իմ պարգևած փրկությունը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։