Սաղմոս 60 [59] - Դու այժմ մերժում ես մեզ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 60 [59] - Դու այժմ մերժում ես մեզ

Աստվածային պատգամը պատասխանում է Իսրայելի ժողովրդի աղերսանքին, որը պարտության է մատնվել իր թշնամիների կողմից, որովհետև անտեսել է Աստծո հետ կնքված Ուխտը: Ժողովուրդն, ուստի, դիմում է ապաշխարության: Ապա լսվում է սրբազան պատերազմի կոչը: Ամբողջ Իսրայելը զինակոչի է մեկնում երկրի մի ծայրից մինչև մյուսը, թշնամիներից վրեժխնդիր լինելու և նրանց տարածքները զավթելու համար: Մի պահ թվում է, թե վերադարձել ենք Ելքի ժամանակներին, Քանաանի երկրի գրավմանը: Աքսորից հետո այս սաղմոսը կարող էր գործածվել ապաշխարության ծիսակատարությունների ընթացքում, վերագտնելու համար ազգային վերակազմավորման հույսը և Աստծո օգնության հանդեպ վստահությունը:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Աստծո նոր Իսրայելն է: Քրիստոնյաներն իրենց Տիրոջից պատվիրան են ստացել քարոզելու բարի լուրը բոլոր ժողովուրդներին (Մտթ 28, 19-20), մարդկանց սրտերը գրավելով Աստծո համար: Բայց քրիստոնյաների իսկ անձնական մեղքերը վնաս են հասցնում քարոզչությանը և Եկեղեցուն ընդհանուր առմամբ: Այս սաղմոսը աղոթելով, քրիստոնյան Տիրոջից կխնդրի մեր մեղքերի պատճառով չմերժել մեզ Իր շնորհը և չհեռացնել մեզնից Իր Սուրբ Հոգին, որպեսզի ամուլ չդառնա Աստծո Արքայության ավետումը:
 

 
Կցորդ.  
Աշխարհում դուք նեղություններ ունեք,
բայց քաջալերվեցեք. ես հաղթեցի աշխարհին (Հվհ 16, 33):
կամ.  
Հարկավոր է, որ Քրիստոսը թագավորի,
մինչև որ Իր ոտքերի ներքո կդնի Իր բոլոր թշնամիներին (հմմտ. 1Կր 15, 25):
կամ.  
Տերն ամբարիշտին կործանելու է Իր բերանի շնչով,
նրան ոչնչացնելու է Իր գալստյան հայտնության օրը (հմմտ. 2Թղ 2, 8):
կամ.  
Փրկություն, փառք և զորություն մեր Աստծուն.
արդար և ճշմարիտ են Նրա վճիռները (հմմտ. Հյտ 19, 1-2):
կամ.  
Ալելուիա, Իր թագավորությունն Իր ձեռքն առավ,
Տերը, մեր Աստվածը, Ամենակարողը (Հյտ 19, 6):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Վկայության շուշան»ի վրա: Միքթամ: Դավթի: Ուսուցանելու համար:
2Երբ դուրս եկավ Երկու Գետերի Հովտի արամայեցիների և Սոբողի արամայեցիների դեմ: Երբ Հովաբը վերադարձավ և ջախջախեց Աղի Հովտի եդոմացիներին. տասներկու հազար:
 
3Ո՜վ Աստված, Դու մերժեցիր մեզ և ցիրուցան արեցիր,
զայրացել էիր, վերադարձիր մեր մոտ.
4սասանեցիր երկիրը և ճեղքեցիր այն,
նորոգիր նրա կոտրվածքները, այն կործանվում է:
 
5Դաժան փորձության ենթարկեցիր Քո ժողովրդին,
խմելու տվեցիր մեզ հիմարության գինին.
6գեթ մի նշան տուր Քո հավատացյալներին,
որպեսզի ազատվել կարողանան աղեղի հարվածներից.
7որպեսզի փրկվեն Քո ընտրյալները,
փրկիր Քո աջով և պատասխանիր:
 
***
 
8Աստված խոսեց Իր Սրբավայրում.
«Ես ցնծում եմ և բաժանում եմ Սյուքեմը,
կտոր կտոր եմ անում Սուքքոթի հովիտը:
 
9Իմն է Գաղաադը և Իմն է Մանասեն,
Եփրեմն Իմ գլխի սաղավարտն է,
Հուդան՝ հրամանատարությանս գավազանը:
 
10Մովաբն այն ավազանն է, որում լվացվում եմ,
Եդոմի վրա նետում եմ հողաթափս,
հաղթանակ եմ աղաղակում փղշտացիների վրա»:
 
11Ո՞վ կառաջնորդի ինձ ամրացված քաղաքից ներս,
ո՞վ կտանի ինձ Եդոմ.
12եթե ոչ՝ Դու, ո՜վ Աստված, որ այժմ մերժում ես մեզ
և այլևս դուրս չես գալիս մեր զորքերի հետ:
 
13Նեղության մեջ օգնության հասիր մեզ, Աստված,
մարդը փրկություն չի կարող տալ.
14Աստծո հետ՝ մեծ գործեր կկատարենք,
միայն Նա կջախջախի մեր թշնամիներին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։