Սաղմոս 81 [80] - Եթե ժողովուրդս ինձ լսեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 81 [80] - Եթե ժողովուրդս ինձ լսեր

Եղջյուրների հնչեցմամբ Իսրայելը կանչվում է համախմբման. Սեպտեմբերի լիալուսինն է, Տաղավարահարաց տոնը (Ղևտ 23, 34.39-43; Թց 10, 10): Վերահաստատվում է Ուխտը: Սաղմոսը – Երկրորդումն Օրինացի հոգիով ամբողջովին համակված – մղում է գիտակցությամբ մոտենալու Աստծո հանդեպ հավատարմության հարցին: Ժողովուրդը պետք է ուշադիր լինի, իր սիրտն Աստծո առաջ չփակելու համար: Այսօր էլ, ինչպես երեկ, Աստծո հանդեպ հավատարմությունը վտանգվում է մարդկանց անհավատարմությամբ:
 

 
Կցորդ.  
Առաջին պատվիրանը սա է.
Լսիր, Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է (հմմտ. Մրկ 12, 29):
կամ.   Կերկրպագես քո Տեր Աստծուն և միմիայն Նրան կպաշտես (Մտթ 4, 10):
կամ.  
Թող ձեր մեջ բաժանված և անհավատ սիրտ չգտնվի,
որ հեռանում է կենդանի Աստծուց (հմմտ. Եբր 3, 12):
կամ.   Ով ականջ ունի, թող լսի այն, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին (Հյտ 3, 22):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: «Հնձաններ»ի վրա: Ասափի:
 
2Ուրախ ցնծացեք Աստծո՝ մեր զորության մեջ,
աղաղակեցեք դեպի Հակոբի Աստվածը.
3նվագեցեք, հնչեցրեք թմբուկները,
տավղի ու քնարի մեղեդիները.
4շեփոր հնչեցրեք ամսվա սկզբին,
լիալուսնին, որ մեր տոնական օրն է:
 
5Սա հրաման է Իսրայելի համար,
Հակոբի Աստծո վճիռն է.
6Հովսեփի համար հաստատված ուսուցում,
երբ դուրս եկավ Եգիպտոսի երկրից:
 
Անծանոթ խոսքեր եմ ես այժմ լսում.
7«Ուսերիցդ վերցրեցի բեռը,
ձեռքերդ վար դրին ծանրությունը.
8նեղության մեջ կանչեցիր ինձ և փրկեցի քեզ,
պատասխանեցի քեզ, որոտման մեջ թաքնված,
փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ:
 
9Լսիր, ժողովուրդ Իմ, աղաչում եմ քեզ,
ո՜վ Իսրայել, եթե դու լսեիր ինձ.
10քեզնում չպետք է մի ա՛յլ աստված լինի,
չպետք է պաշտես մի օտար աստծո:
 
11Ես, Տերը, քո Աստվածն եմ,
քեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից.
բացիր բերանդ և ես կլցնեմ այն:
 
12Բայց ժողովուրդս չի լսում Իմ ձայնը,
Իսրայելը չի կամենում հնազանդվել Ինձ.
13նրան լքում եմ իր կարծրացած սրտին,
և թող գնա, ըստ իր կամքի:
 
14Ա՜հ, եթե ժողովուրդս լսեր Ինձ,
եթե Իսրայելն ընթանար Իմ ճանապարհներով.
15մի ակնթարթում կստորացնեի իր թշնամիներին,
կեղեքողների վրա կուղղեի իմ ձեռքը:
 
16Թշնամիներս կընկնեին նրա առաջ,
սա կլիներ նրանց ճակատագիրն ընդմիշտ.
17կկերակրեի նրան պարարտ ցորենով,
ժայռի մեղրով կհագեցնեի նրան»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։