Սաղմոս 140 [139] - Տերն արդարություն է անում խեղճին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 140 [139] - Տերն արդարություն է անում խեղճին

Սաղմոսարանում մեկից ավելի անգամներ ենք հանդիպել տարաբախտ արդարի աղոթքին. նա հալածված է, չարագործների, խաբեբաների ու զրպարտողների զոհն է: Նա Աստծո վրեժխնդրությունն է հայցում իր թշնամիների վրա, բայց ինչ վերաբերվում է իրեն, ապավինում է Տիրոջը և իրադարձությունների ընթացքը վստահում է Աստծուն: Աղքատի վիճակը և չարագործների կարծրասրտությունը արտահայտվում են հաճախակի գործածվող պատկերներով: Մարդկային կյանքում անպակաս է այս հակադրությունը, որն աստվածաշնչյան աղոթքներն հաստատում են աղքատության ու բռնության, խոնարհության ու հպարտության, պարզության ու կեղծիքի միջև: Այս սաղմոսի խոսքերը դարձնել մերը, յուրացնել դրանք, նշանակում է մեր վրա վերցնել մարդկանց դժբախտությունները և աղոթել նրանց հետ նույնանալով:
 

 
Կցորդ.  
Վրեժխնդրությունն իմն է, – ասում է Տերը, –
ես եմ, որ տալու եմ փոխհատուցումը (Հռմ 12, 19):
կամ.  
Քրիստոսն Իր տառապանքներում չէր սպառնում, այլ՝ իր դատաստանը
հանձնում էր Նրան, ով դատում է արդարությամբ (հմմտ. 1Պտ 2, 23):
կամ.   Մենք մեր մարմնում միշտ և ամենուր կրում ենք Հիսուսի մահը (հմմտ. 2Կր 4, 10):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Սաղմոս: Դավթի:
 
2Չարագործից ազատիր ինձ, Տեր,
պաշտպանիր ինձ բռնավոր մարդուց.
3բոլոր նրանցից, ովքեր չարիք են խորհում
և ամեն օր պատերազմներ սանձազերծում.
4բոլոր նրանցից, ովքեր սրում են իրենց օձային լեզուն
և շուրթերի վրա ունեն իժի թույն:
 
5Ամբարիշտի ձեռքերից պաշտպանիր ինձ, Տեր,
պաշտպանիր ինձ բռնավոր մարդուց.
բոլոր նրանցից, ովքեր նյութում են իմ անկումը,
6գոռոզ պարծենկոտներից, որ թակարդ են ինձ պատրաստում.
ճանապարհիս վրա ձգել են մի լար,
իմ դեմ լարել են թակարդ ու որոգայթ:
 
7Ասում եմ Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը»,
ունկն դիր աղաչանքիս ձայնին.
8Տեր Աստված, Դու ես ինձ փրկող ուժը,
մարտնչման օրը հովանի եղիր գլխիս.
9մի՛ զիջիր, Տեր, ամբարիշտի ցանկություններին,
մի՛ նպաստիր նրա ծրագրերին. կպարծենա:
 
10Ինձ շրջափակողների գլխին թող ընկնի
իրենց իսկ նենգությունների ծանրությունը.
11նրանց վրա անձրևի նման թող թափվեն հրավառ ածուխներ,
թող գահավիժեն փոսի մեջ և չկարողանան այլևս ոտքի կանգնել.
12չարախոսը թող չտևի երկրի վրա,
բռնավորին իր իսկ չարիքը թող հրի դեպի կործանում:
 
13Ես գիտեմ, որ Տերն արդարություն է անում խեղճին,
պաշտպանում է աղքատի իրավունքը.
14արդարներն օրհնելու են Քո Անունը,
երեսիդ առջև բնակվելու են հավատացյալները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։