Սաղմոս 105 [104] - Աստված հավատարիմ է Իր խոսքին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 105 [104] - Աստված հավատարիմ է Իր խոսքին

Արարչագործության հանդիսավոր տաղերգությունը (Սաղմոս 104) բավական չէ հավատացյալի համար. Աստված Նա է, որն իջնում է մարդկանց մեջ. Նա Իր մեծությունը հռչակում է պատմության մեջ, մարդկությունը ստրկությունից ազատագրելով, առաջնորդելու համար դեպի փրկությունը: Իր բերկրանքն ու երախտագիտությունը երգելու համար, Հին Ուխտի ժողովուրդը սիրում է վերհիշել անցյալի իրադարձությունները, որոնք իր պատմության սկիզբն են հանդիսացել. Աբրահամին տրված խոստումը, որը վերահաստատվում է Նահապետների հետ (8-15), Հովսեփի պատմությունը (16-23; Ծնդ 37-50), Մովսեսն ու Եգիպտոսի պատիժները (24-36; Ել 1-13), ելքն ու անապատում կատարված հրաշքները (37-43; Ել 14-15), և ի վերջո՝ ժամանումը Քանաան, որպես ժառանգություն խոստացված երկիրը (44): Ի տարբերություն հաջորդ սաղմոսի, այստեղ չի խոսվում Իսրայելի մեղքերի մասին: Այս սաղմոսի հեղինակը կամենում է երգել միմիայն Աստծո գործերը: Տերը միշտ հավատարիմ է եղել Իր խոսքին. Նա բազմաթիվ հրաշքներ է կատարել ի նպաստ Իր ծառաների և Նրա նախախնամությունն առաջնորդել է նրանց քայլերը. ուստի իրավունքն ունի պահանջելու նրանց հավատարմությունը (45):
Ահա, հետևաբար, փրկության պատմության էական պահերը. ընտրությունն ու Զատիկը (տե՛ս Եփս 1): Յուրաքանչյուր մարդու կյանքին ծանոթ են կոչման ժամերը և ազատագրման ժամերը, ժամերն Աստծո, որոնք բերկրանքի աղբյուր են և հավատարմության պահանջ:
Այս սաղմոսի առաջին 15 տողերը գտնվում են նաև Մնացորդաց Առաջին գրքի 16րդ գլխի 8-22 հատվածում:
 

 
Կցորդ.  
Իսկապես Աստծո բոլոր խոստումներն իրականացան
Հիսուս Քրիստոսի մեջ (հմմտ. 2Կր 1, 20):
կամ.  
Ո՛չ թե Մովսեսը երկնքից հաց տվեց ձեզ,
այլ՝ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը (հմմտ. Հվհ 6, 32):
կամ.  
Մեր հայրերը խմում էին մի ժայռից,
և այդ ժայռը Քրիստոսն Ինքն էր (հմմտ. 1Կր 10, 4):
կամ.   Աշխատեցեք միշտ ավելի ամուր դարձնել ձեր կոչումը և ձեր ընտրությունը (2Պտ 1, 10):

 


 
1Գովեցեք Տիրոջը, կանչեցեք Նրա Անունը,
ժողովուրդների մեջ ավետարանեցեք Նրա գործերը.
2երգեցեք և նվագեցեք Նրա համար,
պատմեցեք Նրա հրաշագործությունները.
3արբեցեք սրբության Նրա Անունով,
թող ուրախանա Տիրոջը փնտրողի սիրտը:
 
4Փնտրեցեք Տիրոջը և Նրա ուժը,
անդադար փնտրեցեք Նրա երեսը.
5հիշեցեք հրաշքները, որ գործեց,
Նրա սքանչելիքներն ու Նրա բերանի վճիռները.
6դուք, Աբրահամի՝ Նրա ծառայի սերունդ,
դուք, Հակոբի որդիներ, Նրա ընտրյալներդ:
 
7Այո՛, Տերը մեր Աստվածն է,
Նրա վճիռներն ամբողջ երկրի վրա են.
8մշտապես հիշում է Իր դաշինքը,
հազարավոր սերունդների համար տրված խոսքը:
 
9Աբրահամի հետ կնքված ուխտը,
Իսահակին վստահեցված երդումը.
10այն որպես օրենք հաստատեց Հակոբի համար,
հավիտենական խոստում՝ Իսրայելին ի նպաստ.
11ասելով. «Ձեզ կտամ Քանանի երկիրը,
կլինի ժառանգության ձեր բաժինը»:
 
***
 
12Ահա նրանք. քանակով սակավաթիվ են,
պանդուխտների միայն մի ափ.
13թափառում են ժողովրդից ժողովուրդ,
մի թագավորությունից դեպի տարբեր մի ժողովուրդ:
 
14Բայց ոչ ոքի չի թույլատրում ճնշել նրանց,
նրանց պատճառով՝ պատժում է թագավորներին.
15«Ձեռք մի՛ տվեք նրանց, ում օծել եմ,
Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:
 
16Սով է բերում երկրի վրա,
կտրելով հացի պաշարները.
17նրանց առջև առաքում է մի մարդ,
Հովսեփին, որպես ստրուկ ծախված:
 
18Շղթաներով սեղմում են նրա ոտքերը,
երկաթների մեջ փակում են նրա վիզը.
19նա տառապում է Տիրոջ խոսքի համար,
մինչև որ կկատարվի Նրա ավետիսը:
 
20Եվ թագավորը հրամայում է ազատել նրան,
ժողովուրդների կառավարիչը նրան արձակում է.
21նրան հաստատում է իր տան տեր,
իր բոլոր բարիքների տնտես.
22որպեսզի իշխանները ենթակա լինեն նրան,
որպեսզի իմաստուն դարձնի ծերունիներին:
 
23Եվ Իսրայելն իջնում է Եգիպտոս,
Հակոբը հաստատվում է Քամի երկրում.
24Տերը բազմաթիվ է դարձնում Իր ժողովուրդը,
առավել կորովի, քան իր կեղեքիչները.
25ապա փոխում է սրանց սիրտը,
ատում են Իր ժողովրդին, խաբում են Իր ծառաներին:
 
26Բայց առաքում է Իր ծառա Մովսեսին
և Ահարոնին, որին Նա ընտրել էր.
27նրանց մեջ դնում է խոսքերն Իր նշանների,
Իր հրաշքների, Քամի երկրում:
 
28Խավարն առաքում է և ամեն բան խավարեցնում,
և ոչինչ չի դիմադրում Իր խոսքին.
29ջրերն արյան է փոխում
և սատկել է տալիս նրանց բոլոր ձկներին:
 
30Նրանց երկրում վխտում են գորտերը,
մինչև նրանց իշխանավորների սենյակները.
31Նա խոսում է և հասնում են միջատները,
մժեղները, նրանց երկրի բոլոր սահմաններում:
 
32Անձրևի փոխարեն առաքում է կարկուտը,
և կայծակներ, որ հրկիզում են արտերը.
33հարվածում է նրանց խաղողներին ու թզենիներին,
տապալում է երկրի ծառերը:
 
34Նա խոսում է և հասնում են մարախները,
և լափող անհամար թրթուռներ.
35ոչնչացնում են բոլոր բողբոջները
և ուտում են երկրի ամեն պտուղները.
36նրանց երկրում հարվածում է անդրանիկներին,
նրանց կորովի առաջին պտուղներին:
 
***
 
37Նրանց դուրս է բերում արծաթով ու ոսկիով,
նրանց ազգատոհմերում հիվանդ ոչ ոք չկա.
38Եգիպտոսն ուրախանում է նրանց դուրս գալով,
որովհետև իրենց վրա թափվել էր սարսափը:
 
39Օրվա ընթացքում որպես վրան տարածում է մի ամպ,
կրակով լուսավորում է գիշերը.
40նրանք աղաղակում են, անձրևի պես բերում է լորերին,
նրանց հագեցնում է երկնքի հացով.
41բացում է ժայռը և բխում են ջրերը,
գետերի նման հոսում են անապատում:
 
42Մտաբերում է Իր սուրբ խոստումը,
որ կատարել էր Իր ծառա Աբրահամին.
43դուրս է բերում Իր ժողովուրդը ցնծությամբ,
Իր ընտրյալներին՝ ուրախության աղաղակների միջով:
 
44Պարգևում է նրանց հեթանոսների հողերը,
ժողովուրդների վաստակը՝ որպես ժառանգություն.
45որպեսզի կատարեն Իր կամքը
և պահեն Իր պատվիրանները:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։