Սաղմոս 52 [51] - Անձս վստահում եմ Աստծո սիրույն – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 52 [51] - Անձս վստահում եմ Աստծո սիրույն

Անպատկառ ամբարտավանությանն ու նենգ լեզուներին վերապահված է ողբերգական վախճան, մինչ արդարը դիմանալու է, քանի որ նա ապավինում է Աստծուն: Արդարին տրվում է տաճարում բնակվելու բերկրանքը, այսինքն՝ Տիրոջ ներկայությանը: Այս սաղմոսը ամենախիստ հանդիմանություններից մեկն է չարախոս լեզուների դեմ: Իր գրական ոճով մոտենում է իմաստասիրական սաղմոսներին ու գրություններին (Սղմ 57, 5; 59, 8; Հոբ 20):
 

 
Կցորդ.  
Լեզուն անօրենության աշխարհն է,
ապականում է մարմինը և հրդեհում կյանքը (հմմտ. Հկբ 3, 6):
կամ.  
Դուք պարծենում եք ձեր գոռոզությամբ,
բայց այս տեսակի ամեն պարծանք անօրենություն է (հմմտ. Հկբ 4, 16):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Մասքիլ: Դավթի:
2Երբ եկավ Դովեկ Եդոմացին, պատմելու համար Սավուղին և նրան ասելու. «Դավիթը մտել է Աքիմելեքի տունը»:
 
3Ինչո՞ւ ես չարիքով պարծենում, ո՜վ բռնավոր,
Աստված հավատարիմ է ամեն օր.
4ածելիի նման սրված լեզուդ
ոճիրներ է հրամայում, ո՜վ ստախոս:
 
5Դու չարիքը նախընտրում ես բարիքին,
կեղծիքը՝ արդարությանը.
6դու սիրում ես ամեն խոսք, որ քանդում է,
ո՜վ զրպարտող լեզու:
 
7Բայց ահա Աստված կկործանի քեզ,
որջիցդ դուրս կհանի, հիմքերդ խախտելու համար.
արմատախիլ կանի քեզ ողջերի երկրից,
կոչնչացնի քեզ ընդմիշտ:
 
8Արդարները, տեսնելով, երկնչելու են,
և ծիծաղելու են քո վրա.
9«Ահա մարդը, որ իրեն ապավեն չընտրեց Աստծուն,
այլ՝ վստահում էր իր մեծ հարստությանը,
փքվում էր ոճիրի մեջ»:
 
10Մինչդեռ ես, ինչպես ամբողջովին կանաչ ձիթենի
Աստծո հարկերի ներքո,
անձս վստահում եմ Աստծո սիրույն,
հավիտյանս հավիտենից:
 
11Ես ընդմիշտ երախտագիտություն եմ մատուցում Քեզ,
որովհետև գործում ես.
հավատացյալներիդ առաջ հուսացել եմ Անվանդ,
որովհետև բարի է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։