Սաղմոս 94 [93] - Երանի՜ այն մարդուն, ում խրատում ես – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 94 [93] - Երանի՜ այն մարդուն, ում խրատում ես

Սաղմոսերգուն անհամբերության աղաղակներ է արձակում աստվածային արդարության դանդաղությանն ի տես, բայց իսկույն վերագտնում է հույսն ու վստահությունը. Աստված չի կարող անտարբեր մնալ անմեղների կրած տառապանքների դիմաց, Նա վրեժխնդիր է լինելու Իր ժողովրդի համար և վերահաստատելու է չարագործների կողմից խեղաթյուրված արդարությունը: Իսկ ինչպիսի՞ն է մե՛ր կյանքը: Այն իր վրա իրո՞ք կրում է արդարության կնիքը:
 

 
Կցորդ.  
Ինչպես առատանում են մեզնում Քրիստոսի չարչարանքները,
այնպես էլ՝ Քրիստոսի շնորհիվ առատանում է մեր մխիթարությունը (հմմտ. 2Կր 1, 5):
կամ.  
Տերը խրատում է նրան, ում սիրում է,
մտրակում է յուրաքանչյուրին, ում ընդունում է որպես որդի (Եբր 12, 6):

 


 
1Աստված, որ արդարություն ես անում, Տեր,
Աստված, որ արդարություն ես անում, հայտնվիր.
2ոտքի ել, ո՜վ երկրի դատավոր,
և հպարտներին տուր հատուցումը:
 
3Մինչև ե՞րբ ամբարիշտները, Տեր,
մինչև ե՞րբ են ամբարիշտները հաղթելու.
4խոսում են, խոսում են գոռոզությամբ,
պարծենում են իրենց գործած չարիքներով:
 
5Ոտնակոխ են անում ժողովուրդդ, Տեր,
հարստահարում են ժառանգությունդ.
6սպանում են այրիին ու պանդուխտին,
մահ են հայթայթում որբին.
7ասում են. «Տերը չի տեսնում,
Հակոբի Աստվածը չի զանազանում»:
 
8Ուշադիր եղեք, դուք՝ բոլոր անմիտներդ,
հիմարներդ, ե՞րբ եք հասկանալու.
9ով ստեղծում է ականջը, չի՞ լսում,
ով կաղապարում է աչքը, չի՞ տեսնում:
 
10Ով պատժում է ժողովուրդներին, չի՞ կարող պատժել ձեզ,
Նա, որ սովորեցնում է մարդուն իմաստությունը.
11Տերը ճանաչում է մարդու ծրագրերը,
որոնք ոչ ա՛յլ ինչ են, եթե ոչ՝ ծուխ:
 
***
 
12Երանի՜ այն մարդուն, ում խրատում ես, Տեր,
ում Դու կրթում ես Քո օրենքով.
13որպեսզի չարության օրերում հանգիստ տաս նրան,
մինչև որ փոսը կփորվի ամբարիշտի համար:
 
14Տերը չի մերժում Իր ժողովրդին,
չի լքում Իր ժառանգությունը.
15դատաստանը կրկին կատարվելու է արդարությամբ,
նրան հետևելու են բոլոր սրտով ուղիղները:
 
16Ո՞վ իմ համար դուրս կգա չարագործների դեմ,
ո՞վ կպաշտպանի ինձ ոճրագործներից.
17եթե Տերը չլիներ իմ օգնությունը,
շատ շուտով կբնակվեի լռության մեջ:
 
18Երբ ասում եմ. «Ոտքերս սասանվում են»,
Քո սերը, Տեր, նեցուկ է կանգնում ինձ.
19եթե բազում տրտմություններ խուժում են ներաշխարհիցս ներս,
Քո մխիթարությունը ուրախացնում է կյանքս:
 
20Մի՞թե Դու մեղսակից ես այլասերված իշխանությանը,
որ բռնատիրությունը դարձնում է օրենք.
21որ հալածում է արդարի կյանքը,
որ մահվան է դատապարտում անմեղին:
 
22Ո՛չ: Տերն է իմ զորությունը,
իմ Աստվածը իմ ապաստանի ժայռն է.
23նրանց դեմ է թափելու բռնությունը,
իրենց նենգության պատճառով՝ մատնելու է լռության,
լռության է մատնելու նրանց մեր Տեր Աստվածը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։