Սաղմոս 49 [48] - Աստված կազատի իմ կյանքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 49 [48] - Աստված կազատի իմ կյանքը

Ժողովրդական մի ասացվածք (13.21) իմաստունին առաջնորդում է խորհրդածելու հարստության ունայնության մասին: Հեղինակն իր խոսքը սկսում է բավականին հանդուգն հանդիսավորությամբ. նա կարծում է, որ ունի բազմահազար մարդկանց տանջող հարցերի պատասխանը: Անշուշտ, դեռ չի անցել Հոբի ճգնաժամի միջով: Կասկած չկա. հաջողությունն ի վիճակի չէ մահվան իշխանությունից ազատելու հարուստին և ոչ ոք չի կարող գնել իր փրկությունը: Ընդհակառակն, աղքատն ավելի գոհ է, որովհետև Աստված նրա փոխարեն վճարում է այն, ինչը որ հարուստն իր ամբողջ ունեցվածքով չի կարող ձեռքբերել սեփական անձի համար: Սաղմոսերգուն համոզված է թվում նաև, որ մահը չի կարող իրենից վերջնականորեն խլել Աստծո հետ մտերմությունը, և որ արդարների հավիտենական վիճակը չի կարող նույնը լինել, ինչպիսին որ լինելու է ամբարիշտներինը:
Քրիստոնյան հավատում է, որ Հիսուս Քրիստոսն Իր մահով հաղթել է մահվանը և որ մենք Նրա հետ հարություն ենք առնելու (1Կր 15, 54-57):
 

 
Կցորդ.  
Ոչինչ չենք բերել այս աշխարհ
և ոչինչ էլ չենք կարող տանել այս աշխարհից (1Տմ 6, 7):
կամ.  
Դու ասում ես. «Հարստացել եմ»,
բայց չգիտես, որ թշվառ մեկն ես (հմմտ. Հյտ 3, 17):
կամ.  
Ձեզնից ո՞վ, որքան էլ հոգնի,
կարող է միայն մեկ ժամ ավելացնել իր կյանքին (հմմտ. Ղկս 12, 25):
կամ.  
Նույնիսկ եթե մեկը առատության մեջ է,
իր կյանքը կախում չունի իր ունեցվածքներից (հմմտ. Ղկս 12, 15):
կամ.  
Ի՞նչ օգուտ ունի մարդուն ամբողջ աշխարհը շահելը:
Ի՞նչ կտա մարդն իր կյանքի փոխարեն (հմմտ. Մտթ 16, 26):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Կորխի որդիների: Սաղմոս:
 
2Լսեցեք սա, ժողովուրդներ բոլոր,
լսեցեք, աշխարհի բնակիչներ,
3Ադամի որդիներ, մահկանացու մարդիկ,
հարուստներ և աղքատներ ի միասին:
 
4Բերանս արտասանում է իմաստություն,
սիրտս գործադրում է կշռադատություն.
5ականջս ուշադիր է ասացվածքներին,
տավիղի վրա ներկայացնում եմ իմ առակը:
 
6Ինչո՞ւ պիտի վախենամ տրտմության օրերում,
երբ անօրենների չարությունը շրջապատում է ինձ.
7հույսները դրել են իրենց հարստությունների վրա,
պարծենում են մեծամեծ ունեցվածքներով:
 
8Ազատագրե՞լ, ազատագրե՞լ սեփական եղբորը,
մարդկանցից ոչ ոք չի կարող դա անել.
Աստծուն հնարավոր չէ վճարել փրկությունը,
9կյանքն ազատագրման գին չունի,
միշտ անբավարար է՝ հավիտյան ապրելու համար:
 
10Մի՞թե կարող է ապրել անվախճան, ընդմիշտ,
առանց տեսնելու գերեզմանը,
11մինչ տեսնում ենք մահը նաև իմաստունների.
մեռնում են հիմարներն ու պակասամիտները,
ուրիշներին թողնելով իրենց հարստությունները:
 
12Գերեզմանները նրանց տներն են հավիտյան,
նրանց բնակավայրը՝ սերնդե սերունդ,
թեև իրենց անուններով էին կոչում երկիրները:
 
13Մարդը բարօրության մեջ չի տևում,
անասունների նման է, որ մեռնում են:
 
***
 
14Ահա վախճանը նրա, ով վստահում է ինքն իրեն,
ճակատագիրը նրա, ով սիրում է լսել սեփական ձայնը.
15երամակների նման ուղարկվում են դժոխք,
մահն է լինելու նրանց հովիվը:
 
Նրանց վրա տիրելու են արդարները,
նրանց կերպարանքն անհետանալու է
դժոխքում, իրենց բնակավայրում.
16բայց Աստված կազատի իմ կյանքը,
կխլի ինձ դժոխքի ձեռքից:
 
17Մի՛ վախեցիր, եթե մարդն հարստանում է,
եթե աճում բազմանում է նրա տան ճոխությունը.
18երբ մեռնում է, ոչինչ չի տանում իր հետ,
իր հոգնությունը չի իջնում իր հետ:
 
19Իր կյանքի ընթացքում օրհնում էր ինքն իրեն,
նրան գովում էին անարգել վերընթացի համար.
20այժմ հասնում է իր հայրերի սերնդին,
որոնք այլևս երբեք չեն տեսնում լույսը:
 
21Մարդը բարօրության մեջ չի կշռադատում,
անասունների նման է, որ մեռնում են:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։