Սաղմոս 145 [144] - Տերը դանդաղ է զայրույթի, մեծ է սիրո մեջ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 145 [144] - Տերը դանդաղ է զայրույթի, մեծ է սիրո մեջ

Հին Կտակարանի ժողովուրդը մեծ հոժարությամբ էր արտասանում այս սաղմոսը, թեև նրա շարադրողը հեղինակային իրավունքներ չունի. իրականում նա այբբենական կարգով դասավորելով միմյանց է շաղկապել տարբեր սաղմոսներից վերցված հատվածներ: Դա սակայն տարօրինակ չէ, որովհետև հրեա երգահանները սովոր էին մտքեր ու խոսքեր քաղել սրբազան երաժշտության ընդհանուր գանձարանից, փառավորելու համար Աստծուն, հաճախ միևնույն խոսքերով և միևնույն նախադասություններով: Բայց որոշակի եզրերի կրկնությունը կամ ընդգծումը նաև հնարավորություն է ստեղծում լավագույնս արտահայտելու ինչ որ մի համոզմունքի ջերմությունը: Եվ այդպիսին է նաև այս սաղմոսի պարագան: Արքայություն, անուն, զորություն, փառք, մեծություն, գործեր, հրաշքներ, սքանչելիքներ, արդարություն, բարություն, կարեկցող համբերություն, ողորմություն, գեղեցկություն, շնորհ. այս և նման եզրերի գործածմամբ սաղմոսերգուն նախ փառաբանում է Ուխտը կնքած Աստծուն, բոլոր սերունդներին կոչ անելով երգով գովաբանելու Տիրոջ հավիտենական թագավորությունը. ապա հռչակում է Աստծո բարյացակամությունը, որը դրսևորվում է պաշտպանությամբ, սննդով, փրկությամբ, որոնք Նա զանազան եղանակներով պարգևում է բոլոր նրանց, ովքեր աղերսում են Իրեն: Եվ այսպիսով սաղմոսերգուն հռչակում է Աստծո ներկայությունն աշխարհում, պատմության մեջ և կյանքում:
 

 
Կցորդ.  
Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն է և Իր Քրիստոսինը.
Նա թագավորելու է հավիտյանս հավիտենից (հմմտ. Հյտ 11, 15):
կամ.  
Եկեք, իմ Հոր օրհնյալներ,
ժառանգեցեք ձեր համար պատրաստված արքայությունը (Մտթ 25, 34):
կամ.  
Աստված խտրականություն չի դնում անձերի միջև,
այլ՝ ով երկնչում է Իրենից, Իրեն հաճո է (հմմտ. Գրծ 10, 34-35):
կամ.  
Ով երկնչում է Աստծուց և կատարում է Նրա կամքը,
մենք գիտենք, որ Աստված լսում է նրան (հմմտ. Հվհ 9, 31):
կամ.  
Մեծ և զարմանալի են Քո գործերը,
արդար և ճշմարիտ են Քո ճանապարհները (հմմտ. Հյտ 15, 3):

 


 
1Գովք: Դավթի:
 
Մեծարում եմ Քեզ, Աստված իմ, իմ Թագավոր,
հավիտյան օրհնում եմ Քո Անունը.
2օրհնում եմ Քեզ օրըստօրե
և հավիտյան գովում եմ Քո Անունը.
3Տերը մեծ է և արժանի է գովքի,
Նրա մեծությունն անհնարին է չափել:
 
4Մի սերունդը մյուսին պատմում է Քո գործերը,
ավետարանում է Քո սքանչելիքները.
5ես խորհրդածում եմ հրաշքներիդ խոսքերը,
հիանում եմ Քո գեղեցկությամբ և Քո փառքով:
 
6Պատմվում է Քո ահարկու զորությունը
և ես հռչակում եմ Քո մեծությունը.
7հիշվում է Քո մեծ բարությունը,
ուրախությամբ աղաղակվում է Քո արդարությունը:
 
8Տերը կարեկցող է և բազմագութ,
դանդաղ՝ զայրույթի, և մեծ՝ սիրո մեջ.
9Տերը բոլորի նկատմամբ բարի է,
կարեկցող է բոլոր արարածների հանդեպ:
 
***
 
10Թող գովեն Քեզ բոլոր արարածներդ,
թող օրհնեն Քեզ երկրպագուներդ, Տեր.
11թող հռչակեն արքայությանդ փառքը,
թող ավետարանեն Քո սքանչելիքները:
 
12Թող մարդկանց ծանոթացնեն Քո հրաշքները,
արքայությանդ պայծառությունն ու փառքը.
13Քո արքայությունը հավիտենական արքայություն է,
Քո տերությունը՝ սերնդից սերունդ:
 
14Տերը թիկունք է կանգնում նրան, ով ընկնելու մոտ է,
կորացած ամենքին ուղղում է մեջքը.
15բոլորի աչքերը սպասում են Քեզնից
և Դու նրանց կերակրում ես իրենց ժամանակին.
16երբ բացում ես Քո առատությամբ լի ձեռքը,
Դու բարությամբ հագեցնում ես կենդանի բոլոր էակներին:
 
17Տերն արդար է Իր բոլոր ճանապարհներում,
հավատարիմ է Իր բոլոր գործերում.
18Տերը մոտ է ամենքին, որ կանչում են Իրեն,
ամենքին, որ կանչում են Իրեն անկեղծությամբ:
 
19Կատարում է Իրենից երկնչողների փափաքը,
լսում է նրանց աղաղակը և փրկում նրանց.
20Նա հսկում է Իրեն սիրողների վրա,
Տերը բնաջնջում է բոլոր ամբարիշտներին:
 
21Թող իմ բերանը երգի Տիրոջ գովքը,
յուրաքանչյուր մարմին միշտ թող օրհնի Նրա սուրբ Անունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։