Սաղմոս 107 [106] - Տիրոջ կողմից փրկվածները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 107 [106] - Տիրոջ կողմից փրկվածները

Հավատացյալները կազմում են Աստծո ժողովուրդը: Նրանք պատկանում են տարբեր երկրների, մշակույթների ու իրավիճակների, բայց բոլորն էլ մի ընդհանուր հատկություն ունեն. փրկվել են Աստծո կողմից:
Երախտագիտության մատուցման այս օրհներգը ցույց է տալիս, թե Աստված ինչպես է տագնապալի տարբեր վիճակներից փրկել նրանց, ովքեր աղոթքով ու աղերսանքով դիմել են Իրեն. մոլորված ճանապարհորդներ (4-9), բանտարկյալներ (10-16), հիվանդներ (17-22) և նավաբեկյալներ (23-32): Տերն Իր կամքի համաձայն կարող է փոխել իրադրությունը (33-41), բայց միայն հավատացյալն է ընդունակ հասկանալու Աստծո գործերը: Նշված վտանգավոր իրավիճակներից յուրաքանչյուրի նկարագրությունն ավարտվում է մի կրկներգով, որը բոլորին կոչ է անում շնորհակալություն հայտնելու Տիրոջն Իր ողորմության համար:
Ամենևին ակնհայտ է, որ այս սաղմոսի հեղինակը ներշնչվել է «Մխիթարության գրքից» (Ես 40-55) և Աստվածաշնչի իմաստասիրական գրքերից (Հոբ, Իմս 16):
Սաղմոսը խոսում է չորս տեսակի վտանգներում հայտնված մարդկանց մասին: Այդ վտանգներում դյուրին է նշմարել յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր կյանքի հառաջընթացի խորհրդապատկերը: Ավետարանական պատմության համաձայն, Հիսուսն ասում է, որ կամենում է սփոփանք ու մխիթարություն պարգևել բոլոր նրանց, ովքեր հոգնած են ու ծանրաբեռնված. բավական է, որ մերձենան Իրեն և իրենց ուսերին վերցնեն Նրա լուծը, որ քաղցր է ու թեթև (Մտթ 11, 28): Այս սաղմոսի աղոթական ընթերցումը մեր համար միշտ կլինի մի հրավեր՝ հիշելու, որ Աստծո ողորմությունը չի դադարում ընկերակցել մեզ կյանքի բոլոր իրավիճակներում:
 

 
Կցորդ.  
Մենք գիտենք, որ ամեն բան նպաստում է բարիքին նրանց,
ովքեր սիրում են Աստծուն (Հռմ 8, 28):
կամ.   Երանի՜ ձեզ, որ այժմ քաղցած եք, որովհետև դուք հագենալու եք (Ղկս 6, 21):
կամ.   Երանի՜ ձեզ, որ այժմ արտասվում եք, որովհետև դուք ուրախանալու եք (Ղկս 6, 21):
կամ.  
Միշտ աղոթեցեք, ամեն ինչի համար շնորհակալ եղեք.
սա՛ է Աստծո կամքը ձեր համար ի Հիսուս Քրիստոս (1Թղ 5, 17-18):
կամ.  
Տերը կազատի ինձ ամեն չարիքից
և կփրկի ինձ Իր երկնային արքայության համար (2Տմ 4, 18):
կամ.  
Հիսուսն անցավ բարեգործելով և բժշկելով,
որովհետև Աստված Իր հետ էր (հմմտ. Գրծ 10, 38):

 


 
1Երախտագիտություն մատուցեք Տիրոջը, Նա բարի է,
հավիտենական է Իր սերը.
2սա թող ասեն Տիրոջ կողմից փրկվածները,
հարստահարողի ձեռքից ազատագրվածները,
3բոլոր երկրներից ի մի ժողովվածները,
հյուսիսից և ծովից, արևելքից և արևմուտքից:
 
4Ոմանք թափառում էին անապատում, անջրդի ճանապարհներում,
առանց բնակության հարմար քաղաք գտնելու.
5քաղցած և ծարավից մահամերձ,
նրանց կյանքը նվաղում էր իրենց մեջ:
 
6Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը,
նրանց ազատում է իրենց վշտերից.
7նրանց առաջնորդում է ապահով ճանապարհի վրա,
դեպի մի քաղաք, ուր կարող են բնակվել:
8Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար,
մարդու հանդեպ գործված հրաշքների համար.
9որովհետև Նա հագեցնում է ծարավածներին
և բարիքներով լիացնում է քաղցածներին:
 
***
 
10Ուրիշներ բնակվում էին մահվան խավարի մեջ,
թշվառության ու շղթաների մեջ բանտարկված.
11քանի որ ապստամբ էին Աստծո խոսքի դեմ,
արհամարհում էին Բարձրյալի ծրագիրը.
12իրենց սրտի մեջ չարչարանքից ուժասպառ,
ընկնում էին և օգնող ոչ ոք չկար:
 
13Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը,
նրանց ազատում է իրենց վշտերից.
14նրանց հանում է մահվան խավարի միջից,
գետին է գցում նրանց շղթաները:
 
15Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար,
մարդու հանդեպ գործված հրաշքների համար.
16որովհետև կոտրում է պղնձե դռները,
փշրում է երկաթե փականքները:
 
17Ուրիշներ ճզմված էին հանցանքների ներքո,
տառապում էին իրենց մեղքերի համար.
18մերժում էին ամեն տեսակ կերակուր,
հասել էին մահվան սեմին:
 
19Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը,
նրանց ազատում է իրենց վշտերից.
20Նա առաքում է Իր խոսքը և բժշկում նրանց,
նրանց կյանքերն ազատում է գերեզմանից:
 
21Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար,
մարդու հանդեպ գործված հրաշքների համար.
22և թող մատուցեն գովաբանության զոհեր,
ցնծությամբ թող պատմեն Նրա գործերը:
 
23Ուրիշներ նավերի վրա ակոսում էին ծովը,
օվկիանոսը, իրենց աշխատանքը կատարելու համար.
24վկաներ՝ Տիրոջ գործերի,
Նրա հրաշքների՝ խոր անդնդի վրա:
 
25Նա խոսում էր և հարուցում փոթորիկ,
մի քամի, որ բարձրացնում էր կոհակները.
26բարձրանում էին երկինք և ապա իջնում անդունդ,
նրանց կյանքը վրդովված էր փոթորկից.
27ալեկոծվում էին, տատանվում արբածների նման,
ոչնչի չէր ծառայում նրանց վարպետությունը:
 
28Նեղության մեջ աղաղակում են Տիրոջը,
նրանց ազատում է իրենց վշտերից.
29փոթորիկը լռության է վերածում,
վերստին հանդարտություն է տալիս ծովի ալիքներին.
30ուրախանում են՝ դրանք խաղաղ տեսնելով,
նրանց առաջնորդում է դեպի փափաքված նավահանգիստը:
 
31Թող երախտագիտություն մատուցեն Տիրոջն Իր սիրո համար,
մարդու հանդեպ գործված հրաշքների համար.
32թող մեծարեն Նրան ժողովրդի հավաքում,
թող գովեն Նրան տարեցների ժողովում:
 
***
 
33Նա գետերը անապատի է փոխում,
ջրերի աղբյուրները՝ պապակած հողի.
34արգավանդ երկիրը՝ աղային տարածքի,
եթե բնակիչներն այլասերված են դառնում:
 
35Բայց նա անապատը վերածում է լճի,
չորացած հողերը՝ ջրերի օազիսների.
36այնտեղ բնակվելու է առաջնորդում քաղցածներին,
որպեսզի հյուրընկալ քաղաք կառուցեն:
 
37Սերմանում են դաշտեր և տնկում են խաղողի այգիներ,
և ապա հավաքում են դրանց պտուղները.
38օրհնում է նրանց և աճում են բազմաթիվ,
և բարգավաճում են նրանց երամակները.
39նույնիսկ երբ սակավաթիվ են և քչացած՝
ամլության, հոգնության և արհավիրքների պատճառով:
 
40Այլ Նա արհամարհանքը թափում է հզորների վրա,
անելանելի քաոսի մեջ մոլորեցնում է նրանց.
41Նա թշվառությունից կրկին ոտքի է կանգնեցնում աղքատին,
հոտի նման բազմապատկում է նրա սերունդը:
 
42Արդարները տեսնում են և ուրախանում,
անարդարության բերանը պապանձվում է.
43իմաստունը պահպանում է այս բաները,
նրանց մեջ հստակ տեսնում է Տիրոջ սերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։