Սաղմոս 63 [62] - Արշալույսից սկսած փնտրում եմ Քեզ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 63 [62] - Արշալույսից սկսած փնտրում եմ Քեզ

Աքսորյալ ղևտացի մի քահանա մտաբերում է այն ժամանակները, երբ բնակվում էր Տաճարում, Աստծո հետ մտերմության մեջ: Գիշերվա լռության մեջ նա խորհրդածում է այդ երջանիկ օրերի մասին, որոնց հիշատակը որոշ չափով սփոփում է մխիթարության կարոտ իր սիրտը: Եվ փափաքի ուժգնությունն ավելանում է միշտ ավելի. մտովին պատկերացնում է իրեն կրկին Տաճարում, ուր իր միակ զբաղմունքն է անդադար փառաբանելը Նրան, ում սերն ավելին արժե, քան ուրիշ որևիցէ մի բարիք: Գալիք ազատագրումի այդ ժամանակներում նա Մեսիա Թագավորին տեսնում է Աստծո բոլոր պարգևներով ճոխացած, մինչ Աստծո ժողովրդին հալածողները ենթարկվելու են վատթարագույն պատիժներին:
Իր ոճով, այս հմայիչ աղոթքն իր տեղն է գտնում մարդկային փափաքի ամենագեղեցիկ սաղմոսների շարքում (Սղմ 42; 61; 73; 84; ... ): Այն մեզ օգնում է վերագտնելու – ամենօրյա դժվարությունների և այն ամենի մեջ, ինչը որ հեռացնում է մեզ հոգևոր ներանձնական կյանքից – մարդկային գոյության իրական կողմնորոշումը. Աստծո սպասումը: Սաղմոսերգուի հետ հաստատել, որ Աստծո սերն ավելին արժե, քան ինքնին կյանքը, համազոր է արտահայտելու մեր կամքը՝ ընդունելու Քրիստոսի կոչը՝ հարատևելու Իր սիրո մեջ (Հվհ 15, 9):
 

 
Կցորդ.   Ով ծարավի է, թող գա և ձրիորեն վերցնի կյանքի ջուրը (հմմտ. Հյտ 22, 17):
կամ.  
Դուք սիրում եք Քրիստոսին առանց Նրան տեսած լինելու
և առանց Նրան տեսնելու՝ հավատում եք Նրան (հմմտ. 1Պտ 1, 8):
կամ.   Կամենում եմ մեկնել՝ Քրիստոսի հետ լինելու համար (հմմտ. Փլպ 1, 23):

 


 
1Սաղմոս: Դավթի: Երբ Հուդայի անապատում էր:
 
2Ո՜վ Աստված, արշալույսից սկսած ես Քեզ եմ փնտրում,
հոգիս ծարավի է Քեզ, Աստված իմ.
Քեզ է փափաքում մարմինս
անապատ երկրում, առանց ջրի ցամաքած.
3այս իսկ պատճառով, հայում եմ Քեզ Սրբավայրում,
Քո ուժը և Քո փառքը տեսնելու համար:
 
4Քո սերն ավելի արժե, քան կյանքը,
Դու ես գովասանքն իմ շուրթերի.
5և ես օրհնելու եմ Քեզ, քանի դեռ ապրում եմ,
Քո Անվանն եմ բարձրացնելու իմ ձեռքերը.
6հագենալու եմ, ինչպես խնջույքի ժամանակ,
բերանս գովելու է Քեզ ուրախությամբ:
 
7Անկողնուս վրա ես հիշում եմ Քեզ,
գիշերային հսկումներիս ժամանակ խոսում եմ Քո հետ.
8այո՛, Դու ես իմ օգնությունը,
ցնծում եմ թևերիդ հովանու ներքո.
9իմ էությունը հարում է Քեզ,
աջդ գրկում է ինձ և նեցուկ կանգնում:
 
10Բայց նրանք, ովքեր փնտրում են իմ կործանումը,
իջնելու են երկրի խորություններն ի վար.
11սրի քմահաճույքին հանձնված,
դառնալու են որս՝ բորենիների համար:
 
12Բայց Մեսիա Թագավորն ուրախանալու է Աստծո մեջ,
ով ճշմարիտն է խոսում, փառավորվելու է.
որովհետև փակվելու է բերանը նրանց,
ովքեր խոսում են սուտ ու կեղծիք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։