Սաղմոս 2 - Մեսիա Թագավորը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 2 - Մեսիա Թագավորը

Այս սաղմոսը մեսիական մարգարեություն է, այսինքն՝ ներշնչված խոսք է, որ վերաբերվում է Աստծուց խոստացված և մարդկանց կողմից սպասված Փրկչին: Որոշ իշխանավորներ որոշում են դուրս գալ Աստծո ժողովրդի դեմ: Նրանց հիշեցնելով, որ Մեսիան Աստծո Որդին է և երկրի բոլոր թագավորությունների ժառանգորդը, սաղմոսերգուն նրանց կոչ է ուղղում հրաժարվելու իրենց ապստամբ ծրագրերից:
Գործք Առաքելոց գրքում պարունակված աղոթքներից մեկն արտահայտում է առաջին քրիստոնյաների համոզմունքը, որ այս սաղմոսում նկարագրված իրավիճակն իրականացել է Հերովդեսի և Պիղատոսի դաշինքով ընդդեմ Հիսուսի (Գրծ 4, 25-28): Հայտնության գրքի տեսիլքներն ակնարկում են Հիսուս Քրիստոսի վերջնական հաղթանակին ընդդեմ նրանց, ովքեր հակառակվում են Իր թագավորությանը (Հյտ 2, 26-28; 12, 1-5): Այսօր, թագավորներն ու հզոր իշխանները, որ «ապստամբում ու դավադրում են» Տիրոջ դեմ, բոլոր նրանք են, ովքեր ջանում են իրենց տիրապետությունը հաստատել և տարածել առանց ենթարկվելու որևէ վերադաս օրենքի, հալածելով և ճնշելով ուրիշներին և ոտնակոխ անելով Աստծո օրենքը:
 

 
Կցորդ.
 
Հայրը սիրում է Իր Որդուն և Նրա ձեռքն է հանձնել ամեն բան (Հվհ 3, 35):
կամ.
 
Թող Հիսուսի անվամբ ծալվի ամեն ծունկ.
երկնքում, երկրի վրա և դժոխքում (հմմտ. Փլպ 2, 10):
 

 
1Ինչո՞ւ են խռովվում հեթանոսները
և ժողովուրդները ունայն դավեր նյութում:
 
2Երկրի թագավորները ապստամբում են,
հզորները միասին դավադրում են
Տիրոջ և Իր Մեսիայի դեմ.
3«Կործանենք նրանց շղթաները,
մեզնից հեռացնենք նրանց լուծը»:
 
4Նա, որ բնակվում է երկնքում, ծիծաղում է,
նրանց ծաղրում է Տերը.
5հետո խոսում է նրանց հետ Իր բարկությամբ,
սարսափեցնում է նրանց Իր զայրույթով.
6«Ես Ինքս օծեցի Իմ Մեսիա Թագավորին
Սիոնում, Սրբությանս լեռան վրա»:
 
7Ես հռչակում եմ Տիրոջ վճիռը:
Նա ասաց ինձ. «Դու իմ Որդին ես,
ես այսօր ծնեցի քեզ.
8խնդրիր ինձնից և հեթանոսներին կտամ քեզ որպես ժառանգություն
և կտիրես երկրին մի ծագից մինչև մյուսը.
9երկաթյա գավազանով կհովվես նրանց,
կավագործի անոթների նման կփշրես նրանց»:
 
10Արդ հասկացեք, իշխանավորներ,
ուղղվեցեք, երկիրը կառավարողներ.
11ծառայեցեք Տիրոջը երկյուղով
և դողությամբ ցնծացեք Նրա առաջ:
 
12Փարվեցեք ուղղությանը, որպեսզի Տերը չզայրանա
և դուք չշեղվեք արդար ճանապարհից.
անակնկալ է բորբոքվում Նրա զայրույթը,
երանի՜ նրանց, ովքեր ապավինում են Նրան:
 

***

Սաղմոսարանի առաջին երկու տաղերը մի տեսակ նախաբան են հանդիսանում ամբողջ հավաքածուի համար, որոնցից հետո Սաղմոսարանը նախևառաջ ներկայացնում է տաղերի մի խումբ (3-41), որոնց հեղինակումը ավանդաբար վերագրվում է Դավիթ թագավորին: Նրա կյանքը, որ լի է եղել դժվարություններով, բայց նաև հարուստ՝ Աստծո հանդեպ վստահությամբ, որպես օրինակ է հանդիսացել և հինկտակարանյան բազմաթիվ բանաստեղծների ներշնչել է իրենց տաղերգության համար: Առանցքային մի նյութ տիրում է մյուսների մեջ. անմեղը, որն ենթարկվում է իր բոլոր կերպարանքներով ներկայացող չարի հարձակումներին: Հույսն ու հոգու տվայտանքը վերածնվում են առանց դադարի: «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սղմ 22, 2): Սա խավար գիշերվա փորձությունն է, բայց մնայուն կերպով տևում է մի համոզմունք. «Հագենալու եմ Դեմքիդ գեղեցկությամբ» (Սղմ 16, 11): Հավատացյալի կյանքին բնորոշ երկխոսությունն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։