Սաղմոս 9 [9, 1-21] - Աղքատների աղաղակը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 9 [9, 1-21] - Աղքատների աղաղակը

Այս սաղմոսը թերևս գրվել է հրյաների աքսորից վերադարձի ժամանակաշրջանում, Ք.ա. 6րդ դարի վերջավորության: Օտարազգիներն ու Պաղեստինում մնացած ժողովուրդները աքսորից վերադարձողներին նկատում են որպես ինքնակոչներ և նրանց հետ վատ են վերաբերվում: Ազատագրման և վերադարձի ուրախությունից (առաջին մաս [Սաղմոս 9]) կամաց կամաց անցնելով տարաբախտության պատճառով կատարված աղերսանքին (երկրորդ մաս [Սաղմոս 10]), աքսորից վերադարձածները Տիրոջից խնդրում են հաստատել Իր թագավորությունը և արդարություն անել հեթանոսների դեմ, որոնք հալածում են իրենց: Ստացվում է, ուստի, վերապրածների երգը. Աստծո հաղթանակն է, խեղճի (աղքատի) ազատագրումը: Բայց իսկույն, երկրորդ մասում, վերագտնում են չարի հարձակումների դիմաց զգացած սրտնեղությունը: Բայց ամբարիշտները սոսկ մահկանացու մարմին են. չեն կարող հաղթանակել Աստծո դեմ, ո՛չ էլ նրանց դեմ, ովքեր Աստծո վրա են դրել իրենց հույսը: Փրկության պատմության այս ժամանակահատվածում է հաստատվում «Յահվեի աղքատներ»ի հոգևոր մեծ ավանդությունը, աքսորի միջոցով մաքրագործված այդ «մնացորդ»ի, նրանց, որոնց է առաքվելու Փրկիչը (Սոփ 2, 3; Ես 61, 2; Ղկս 4, 18):
 

 

Կցորդ.   Տերը չի ուշանա կատարելու խոստումը. Տիրոջ օրը գալու է գողի նման (հմմտ. 2Պտ 3, 9-10):
կամ.  
Մի՞թե Աստված արդարություն չի գործադրի Իր ընտրյալների նկատմամբ,
որոնք օր ու գիշեր աղաղակով դիմում են Իրեն (Ղկս 18, 7):

 


 

1Երգչախմբի ղեկավարի համար: «Մահանալ որդու համար»ի վրա:
Սաղմոս: Դավթի:
 
2Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, Տեր, ամբողջ սրտով,
և պատմում եմ Քո բոլոր հրաշագործությունները.
3Քեզնով եմ ուրախանում ու ցնծում,
և Քո Անվանն եմ երգում, ո՜վ Բարձրյալ:
 
4Թշնամիներս նահանջում են ու տկարացած՝ սայթաքում,
մահանում են երեսիդ դիմաց.
5որովհետև Դու կատարեցիր դատս,
արդար դատավոր, Դու բազմում ես գահի վրա:
 
6Սպառնում ես կռապաշտներին և բնաջնջում ես չարագործին,
հավիտյան ջնջում ես նրանց անունը.
7թշնամին ամբողջովին կործանված է,
այլևս չեն հիշվում քաղաքները, որոնք Դու ավերում ես:
 
8Տիրոջ խոսքը մնում է հավիտյան,
Նրա օթևանը բարձրագույն երկնքում է.
9դատելու է աշխարհն արդարությամբ,
ժողովուրդների դատավորն է լինելու անկողմնակալությամբ:
 
10Տիրոջ խոսքը ուժ է լինելու աղքատի համար,
ուժ է լինելու նեղության ժամանակ.
11ապավինում է Քեզ, ով ճանաչում է Անունդ,
Տեր, Դու չես լքում Քեզ փնտրողներին:
 
***
 
12Երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում,
ժողովուրդների մեջ պատմեցեք Նրա գործերը.
13տեսնում և հիշում է թափված արյունը,
չի մոռանում աղքատների աղաղակը:
 
14Ողորմիր ինձ, ո՜վ Տեր,
տե՛ս տրտմությունը, որ պատճառում է ինձ ատողը.
մահվան դռներից վեր բարձրացրու ինձ.
15Սիոնի դռների առջև երգելու եմ գովասանքներդ,
ուրախությունից պարելու եմ պարգևածդ փրկության համար:
16Իրենց փորած փոսն ընկան կռապաշտները,
նրանց ոտքը բռնվեց թակարդում,
այն ցանցի մեջ, որ իրենք թաքցրել էին:
17Տերն Իրեն ճանաչել է տալիս որպես դատաստանը գործադրող,
ամբարիշտը բռնվում է իր իսկ լարած որոգայթում:
 
18Չարագործները դեպի դժոխք ուղղված ընթացքում են,
բոլոր հեթանոսները, որ մոռանում են Աստծուն.
19բայց խեղճը ընդմիշտ մոռացված չէ,
կորստյան մատնված չէ աղքատների հույսը:
 
20Ոտքի ել, Տեր, թող չգերակշռի մահկանացուն.
թող Քո առջև դատվեն հեթանոսները.
21Նրանց սրտում, Տեր, երկյուղ հաստատիր,
հեթանոսները թող ճանաչեն, որ մահկանացու են:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։